Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Վալի Ջահանշահին նախազգուշացրել է երկրի սահմաններից դուրս գտնվող թաքֆիրական խմբավորումներին և թշնամական այլ ուժերին, որ Իրանի սահմանը խախտելու կամ սպառնալիք ստեղծելու դեպքում նրանք խիստ պատասխան կստանան։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Իրանի հյուսիսարևելյան սահմանամերձ շրջաններ կատարած այցի ընթացքում Ջահանշահին հայտարարել է, որ զինված ուժերի համար պետական սահմանը «կարմիր գիծ» է, իսկ ներթափանցման ցանկացած փորձ կամ ագրեսիվ գործողություն կարժանանա «վճռական և կործանարար հարվածի»։
Գեներալի խոսքով՝ այսօր ցամաքային զորքերը գտնվում են մարտական պատրաստվածության բարձր մակարդակի վրա, զինված են նոր սպառազինությամբ ու տեխնիկայով և հատուկ հակազդման ծրագրեր են մշակել հնարավոր սպառնալիքների համար։
Ջահանշահին ընդգծել է, որ ներխուժման կամ հարձակման դեպքում Իրանի անվտանգությանը սպառնացող ուժերի դիրքերն ու բազաները կհայտնվեն իրանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և հրետանու թիրախում։ Զինված ուժերի պատասխանը, նրա խոսքով, լինելու է արագ, ճշգրիտ և վճռական։
Հրամանատարը նաև հայտնել է, որ ցամաքային զորքերը շուրջօրյա ռեժիմով հետևում են սահմանի երկայնքով հնարավոր հակառակորդի տեղաշարժերին։ Հետախուզության և կառավարման համալիր համակարգի շնորհիվ զինվորականներին հաջողվել է բացահայտել հակառակորդի ցամաքային գործողությունների ծրագրերը դեռ դրանց իրականացումից առաջ և կանխել սահմանամերձ շրջաններում նրանց նպատակները։
Ջահանշահին նշել է նաև հյուսիսարևելյան սահմանին զորախմբի ուժեղացման մասին։ Նրա խոսքով՝ շարժական գրոհային ստորաբաժանումների և արագ արձագանքման ուժերի տեղակայումը, զինված ուժերի ընդհանուր մարտունակության հետ մեկտեղ, զսպման արդյունավետ գործոն է ստեղծել։
«Սահմանի երկայնքով տեղակայված ցամաքային զորքերի ստորաբաժանումների ողջ ներուժն ուղղված է անվտանգության ապահովմանը, սահմանների պաշտպանությանը և ցանկացած սպառնալիքի դիմակայմանը»,- հայտարարել է գեներալը՝ հավելելով, որ Իրանը թույլ չի տա հակառակորդին սպառնալ սահմանամերձ շրջանների բնակիչների և ողջ ժողովրդի անվտանգությանը։