Իրանում ընթացող պատերազմի պատճառով ամերիկյան ուժերի անբավարարության հետևանքով ԱՄՆ-ն չեղարկել է հաջորդ ամսին Հարավային Կորեայի հետ նախատեսված «Սանգյոնգ» ծովային հետևակի համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինվորականներին:
Դեռ հունիսին Վաշինգտոնը զգուշացրել էր, որ չի կարողանա անհրաժեշտ քանակով զինծառայողներ ապահովել դիվիզիոն մակարդակի մանևրների համար, սակայն կողմերը դեռ քննարկում են դրանք հետագայում անցկացնելու հնարավորությունը:
«Սանգյոնգ»-ի չեղարկման որոշումն ընդունվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անցյալ շաբաթ ավարտված ամենամյա «Ուլչի Ֆրիդոմ Շիլդ» զորավարժությունների մասշտաբները կրճատելուց հետո: Թրամփը դա պատճառաբանել էր զորավարժությունների բարձր ծախսատարությամբ և Իրանի դեմ պատերազմին մասնակցելու Սեուլի հրաժարումով:
Ռազմական վարժանքների կրճատումը համընկնում է Կորեական թերակղզում տիրող լարվածության հետ. Փհենյանը, համարելով դրանք ներխուժման փորձ, անցյալ շաբաթ 10 բալիստիկ հրթիռ էր արձակել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հարավային Կորեայի ԱԳ նախարար Չո Հյոնը քննարկել են դաշնակցային հարաբերությունները՝ ընդգծելով կողմերի միջև սերտ համակարգման անհրաժեշտությունը: