Դատարանը մերժել է Էփշտեյնի գործով մեղավոր ճանաչված միակ անձի դատավճիռը չեղարկելու միջնորդությունը

 ԱՄՆ դաշնային դատարանը մերժել է սեռական թրաֆիքինգի գործով Ջեֆրի Էփշտեյնի հանցակից Գիսլեյն Մաքսվելի նկատմամբ կայացված դատավճիռը չեղարկելու միջնորդությունը․ գրում է Euronews-ը:

64-ամյա Մաքսվելն Էփշտեյնի գործով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նա այս գործով մեղավոր ճանաչված միակ անձն է։ Իսկ Էփշտեյնը մահացել էր 2019 թվականին Նյու Յորքի բանտախցում՝ սեփական դատավարությանը սպասելիս։

Միջնորդությունը մերժելու որոշման մեջ դատավոր Փոլ Էնգելմայերը նշել է, որ Մաքսվելի պնդումները, թե դատավարության և դատավճռի կայացման ընթացքում խախտվել են իր սահմանադրական իրավունքները, «անհիմն են»՝ հավելելով, որ այդ մասին Մաքսվելի «բոլոր պնդումները, կամ գրեթե բոլորն անհեթեթ են»։

«Նրա գրեթե ոչ մի պնդում դատավարական առումով ենթակա չէ քննության։ Դատավարության ընթացքում ներկայացված վկայությունների և փաստաթղթերի ճնշող ծավալով ապացույցները վերջնականապես հաստատել են նրա մեղավորությունը, իսկ միջնորդության մեջ ներկայացված պնդումներն ակնհայտորեն անհիմն են և, հիմնականում, հիմնված են ենթադրությունների, խեղաթյուրումների և/կամ բացահայտ կեղծ պնդումների վրա», – ասել է Էնգելմայերը։

Մաքսվելը 2021 թվականին մեղավոր է ճանաչվել Էփշտեյնին անչափահաս աղջիկներ «մատակարարելու» համար։

Փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը Մաքսվելին հարցաքննության էր հրավիրել՝ Էփշտեյնի հետ իր կապերի վերաբերյալ հարցերին պատասխանելու համար, սակայն նա հրաժարվել էր որևէ հարցի պատասխանել։ Մաքսվելի փաստաբանը հայտարարել էր, որ նա պատրաստ է խոսել միայն այն դեպքում, եթե Թրամփը նրան ներում շնորհի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *