Կլիմայական ռիսկերի դրսևորումներն ու կառավարման խնդիրները Հայաստանում․ «Մուգ կանաչ զրույցներ» Արմեն Չիլինգարյանի հետ

Կլիմայական ռիսկերի դրսևորումներն ու կառավարման խնդիրները Հայաստանում․ «Մուգ կանաչ զրույցներ» Արմեն Չիլինգարյանի հետ

Հայաստանում կլիմայի փոփոխությունն այլևս միայն ապագային վերաբերող խնդիր չէ։ Ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների փոփոխությունը, ջրային ռեսուրսների նվազումը և վտանգավոր եղանակային երևույթների հաճախականության ու ինտենսիվության աճն աստիճանաբար ավելի տեսանելի են դառնում նաև երկրի տարբեր համայնքների առօրյայում։

2026թ․ օգոստոսի 21-ին Ամերիկայի Հայկական Ասամբլեայի գրասենյակում «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի կողմից կազմակերպված (Armenian Tree Project) «Մուգ կանաչ զրույցներ» շարքի շրջանակում քննարկվել են Հայաստանում կլիմայական ռիսկերի դրսևորումները և դրանց կառավարման խնդիրները։

Սա «Մուգ կանաչ զրույցներ» քննարկումների շարքի երկրորդ հանդիպումն էր, որը նպատակ ունի միավորել փորձագետներին և հանրությանը՝ խոսելու Հայաստանի ամենահրատապ բնապահպանական խնդիրների մասին։

Երկրոդր հանդիպման բանախոսն էր կլիմայական և աղետների ռիսկերի կառավարման փորձագետ Արմեն Չիլինգարյանը, հանդիպումը վարում էր «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի ռազմավարական գործընկերությունների և ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց կլիմայի փոփոխության կանխատեսումներին, վտանգավոր բնական երևույթներին, անտառային հրդեհներին, գյուղատնտեսությանը, ջրային ռեսուրսներին, կենսաբազմազանությանը, ինչպես նաև՝ պետական կառավարման և համայնքների ներգրավվածության խնդիրներին։

Արմեն Չիլինգարյանի խոսքով՝ կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանում անհերքելի է։ Թեև երկրի կլիմայական համակարգում բնական փոփոխություններ տեղի են ունեցել նաև նախկինում, ներկայում նկատվող փոփոխությունների վրա մարդու տնտեսական գործունեության ազդեցությունը նշանակալի է։ Հայաստանի համար կանխատեսվում է, որ մինչև 2100թ․ միջին տարեկան ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4.7°C-ով, իսկ տեղումների քանակը՝ նվազել մինչև 8.3%-ով։ Վատատեսական սցենարի դեպքում գետային հոսքի նվազումը կարող է հասնել 39%-ի։ Այս ցուցանիշները, ըստ փորձագետի, արդեն իսկ պետք է հաշվի առնվեն երկրի զարգացման երկարաժամկետ ծրագրերում։

Հայաստանն ունի շուրջ տասը կլիմայական գոտի, և կլիմայի փոփոխության դրսևորումները բոլոր տարածքներում նույնը չեն։ Հետևաբար, տարբեր համայնքներ և ոլորտները կարող են տարբեր կերպ զգալ նույն կլիմայական փոփոխության ազդեցությունը։ «Մենք խոսում ենք ավելի շատ կլիմայական էքստրիմների արտահայտման ինտենսիվության մասին», – քննարկման ընթացքում նշեց Արմեն Չիլինգարյանը՝ անդրադառնալով վտանգավոր բնական երևույթներին։ Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն նկատվում են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ինտենսիվ տեղումները, կարկտահարությունը, սելավները, հեղեղումները, երաշտը, ջրային սակավությունը և անտառային հրդեհները։ Դրանց մի մասը նախկինում էլ է արձանագրվել, սակայն խնդիրը դրանց հաճախականության և ինտենսիվության փոփոխությունն է։

Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ կլիմայական ռիսկերը դեռևս բավարար չափով չեն ներառվում տնտեսական և զարգացման ծրագրերի մշակման ու կառավարման գործընթացներում։ Եթե կլիմայի փոփոխության սցենարները արդեն հայտնի են, ապա դրանց հնարավոր ազդեցությունը պետք է գնահատվի յուրաքանչյուր խոշոր զարգացման ծրագրի դեպքում՝ ինչպես նոր ռիսկերի առաջացման, այնպես էլ՝ տվյալ ծրագրի առկա ռիսկերի նկատմամբ խոցելիության տեսանկյունից։ «Ցանկացած տնտեսական ծրագիր զարգացնելիս երկու կարևոր էլեմենտի հետ պետք է գործ ունենանք․ մի դեպքում՝ տնտեսական զարգացումը, որը մենք առաջարկում ենք, ինչ նորանոր ռիսկեր կարող է բերել իր հետ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը և այն միջավայրը, որտեղ մենք այդ գործընթացն իրականացնում ենք, և երկրորդը՝ այդ ներդրումները, որ մենք ուզում ենք անել տնտեսական ծրագրի համար, որքանո՞վ են խոցելի առկա վտանգներից», – ասաց Արմեն Չիլինգարյանը։ Նրա խոսքով՝ այս երկու հանգամանքները զարգացման գործընթացներում ներառելու համար անհրաժեշտ են գիտություն, մոնիթորինգ, թվային տեխնոլոգիաներ և համապատասխան մասնագիտական ներուժ։

Արմեն Չիլինգարյանի գնահատմամբ՝ Հայաստանում որոշակի առաջընթաց կա եղանակային տվյալների հավաքագրման և թվայնացման ուղղությամբ։ Սակայն եղանակի կանխատեսումն ու կլիմայական ռիսկի մոդելավորումը նույնը չեն։ Նրա խոսքով՝ ռիսկի մոդելավորումը պետք է ցույց տա ոչ միայն այն, թե ինչ եղանակային երևույթ է սպասվում, այլև՝ ինչ ուժգնությամբ, որ տարածքներն են հայտնվելու վտանգի գոտում և ինչ միջոցառումներ են անհրաժեշտ հնարավոր վնասը նվազեցնելու համար։ Օրինակ, սելավի դեպքում պետք է հասկանալ՝ ինչ ինտենսիվության տեղումներ կարող են առաջացնել սելավային հոսք, հաշվի առնել ռելիեֆը, որոշել վտանգի տակ հայտնվող տարածքները և նախապես մշակել դրանց պաշտպանության միջոցները։ Այս տեսանկյունից, ըստ փորձագետի, Հայաստանի համար անհրաժեշտ է զարգացնել կլիմայական ռիսկերի մոդելավորման մեթոդաբանությունն ու գործիքակազմը։ «Եթե մենք չենք տեսնում ամբողջ պատկերը, հնարավոր չէ կառավարման գործընթացի արդյունավետության մասին խոսել», – ընդգծեց նա։

Քննարկման առանձին հատված նվիրված էր անտառային հրդեհներին։ Ըստ Արմեն Չիլինգարյանի՝ դրանց կանխարգելման համար անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրել անտառային միջավայրի պայմանները՝ հողի խոնավությունը, ջերմաստիճանը, քամու ուղղությունը և այլ գործոններ։ Հայաստանում անտառային հրդեհների վտանգի գնահատման համար կիրառվող հաշվարկային մոտեցումները, ըստ փորձագետի, դեռևս չեն կարող ամբողջությամբ հաշվի առնել երկրի տարբեր կլիմայական և ռելիեֆային պայմանները։ Օրինակ՝ 3-5 մմ տեղումները որոշ պայմաններում կարող են բավարար լինել հրդեհի վտանգը նվազեցնելու համար, սակայն լեռնային և նախալեռնային գոտիներում նույն քանակի տեղումները կարող են բավարար չլինել։ Արմեն Չիլինգարյանի ներկայացրած ուսումնասիրությունների համաձայն՝ Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռնային տարածքներում հրդեհի վտանգի էական նվազեցման համար կարող է անհրաժեշտ լինել առնվազն 7-10 մմ տեղումներ։

Միաժամանակ, Հայաստանում անտառային տարածքներում հիդրոօդերևութաբանական կայանի պակասը սահմանափակում է անտառի իրական վիճակի մասին տվյալների ստացումը։ Որպես հնարավոր լուծում նշվել են նաև հեռազննման և GIS տեխնոլոգիաները, որոնք կարող են հնարավորություն տալ ավելի մատչելի ձևով հետևել անտառների վիճակին և գնահատել վտանգները։ Սակայն անտառային հրդեհների պատճառները միայն կլիմայական պայմանները չեն։ Փորձագետի խոսքով՝ դրանց առաջացման մեջ մեծ դեր ունի նաև մարդու վարքագիծը։ Անտառում չմարված խարույկները, ապակու և այլ հրդեհավտանգ նյութերի թողնելը, շինարարական աշխատանքները և այլ մարդկային գործողություններ կարող են հրդեհի պատճառ դառնալ։ Հետևաբար, կանխարգելումը պետք է ներառի ոչ միայն մոդելավորում և մոնիթորինգ, այլև՝ բնակչության իրազեկում և համայնքների հետ համագործակցություն։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության փոխազդեցությանը։ Փորձագետի խոսքով՝ կլիմայի փոփոխության պայմաններում անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության գործող մոտեցումները։ Ջերմաստիճանի աճը և տեղումների նվազումը մեծացնում են ջրային ռեսուրսների նկատմամբ ճնշումը, մինչդեռ գյուղատնտեսության որոշ ճյուղեր արդեն իսկ մեծ կախվածություն ունեն ջրային ռեսուրսներից։ Որպես օրինակ բերվեց Արարատյան դաշտում ձկնաբուծության և արտեզյան ջրերի օգտագործման խնդիրը։ Ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումը հանգեցրել է ստորերկրյա ջրերի մակարդակի փոփոխության, հողերի աղակալման և դեգրադացման, ինչն իր հերթին նպաստում է անապատացման գործընթացներին։ Արմեն Չիլինգարյանի խոսքով՝ ավելի արդյունավետ է կանխել նման իրավիճակների առաջացումը, քան հետագայում մեծ ռեսուրսներ ներդնել արդեն դեգրադացված հողերի վերականգնման համար։ Միաժամանակ, կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար գյուղատնտեսության մեջ անհրաժեշտ են նոր մոտեցումներ՝ ավելի քիչ ջուր պահանջող մշակաբույսերի տեղայնացում, կաթիլային ոռոգման կիրառում, ինտենսիվ այգեգործության զարգացում և նոր տեխնոլոգիաների փորձարկում։ Փորձագետը շեշտեց, որ կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար նոր մշակաբույսերի կամ գյուղատնտեսական մոդելների ընտրությունը նույնպես պետք է հիմնված լինի փորձարկումների վրա, այլ ոչ թե միայն տեսական կանխատեսումների։

Քննարկման ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանի կողմից բարձրացվեց նաև կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցը՝  Հայաստանում Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի COP17 համաժողովի անցկացման համատեքստում։

Արմեն Չիլինգարյանի գնահատմամբ՝ COP17-ը կարող է հնարավորություն ստեղծել ուշադրություն դարձնելու այն խնդիրներին, որոնք մինչ այժմ բավարար չափով չեն հայտնվել ուշադրության կենտրոնում։ Նա որպես օրինակ բերեց քաղաքաշինական գործընթացների ազդեցությունը կենսաբազմազանության վրա։ Երբ բնական միջավայրերը վերափոխվում են քաղաքաշինական նպատակներով, դրանցում ապրող կենդանիները կորցնում են իրենց կենսամիջավայրը և կարող են հայտնվել քաղաքային տարածքներում։ Մեկ այլ խնդիրը տվյալների պակասն է։ Փորձագետի խոսքով՝ նույնիսկ այնպիսի աղետներից հետո, ինչպիսին Ալավերդու 2024թ․ հեղեղումն էր, կենսաբազմազանության վրա ազդեցության վերաբերյալ բավարար տվյալներ չկան։ Նրա գնահատմամբ՝ կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ է ոչ միայն պահպանվող տարածքների և անտառների մոնիթորինգ, այլև՝ քաղաքաշինական և տնտեսական զարգացման ծրագրերում հնարավոր ազդեցությունների գնահատում։

Քննարկման ընթացքում նշվեց նաև համայնքների և բնակչության ներգրավվածության անհրաժեշտությունը։ Արմեն Չիլինգարյանի խոսքով՝ համայնքների բնակիչները հաճախ ավելի լավ են պատկերացնում իրենց տարածքի խնդիրները, քանի որ ամեն օր առնչվում են դրանց հետ։ Փորձագետը կարող է աջակցել խնդիրների վերհանմանը և լուծումների առաջարկմանը, սակայն համայնքների բնակիչների փորձը նույնպես պետք է ներառվի որոշումների կայացման գործընթացում։

Օգոստոս 26, 2026 at 12:09

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *