Ուկրաինան հասել է կանոններից բացառությունների ստացման, որոնք նրան թույլ են տալիս Եվրոպայից դուրս ռազմական տեխնիկա գնել ԵՄ-ի կողմից Կիևին աջակցելու համար տրամադրված €90 մլրդ ծավալով վարկի (Ukraine Support Loan) շրջանակում։
Այժմ Ֆրանսիան ձգտում է սահմանափակել այդ բացառությունների գործողության ժամկետը՝ փորձելով ապահովել, որ ԵՄ-ի աջակցությամբ հատկացվող միջոցների մեծ մասը ուղղվի եվրոպական, և հնարավոր է նաև ֆրանսիական, պաշտպանական արտադրության զարգացմանը, հայտնում է Euronews‑ը։
Ապրիլին ԵՄ երկրները հաստատել էին Ukraine Support Loan-ը՝ 90 մլրդ եվրոյի ֆինանսական գործիք՝ 2026–2027 թվականներին Կիևի ռազմական ջանքերին աջակցելու համար։ Այն բաժանված է երկու մասի՝ €30 մլրդ տնտեսական օգնություն և €60 մլրդ ռազմական աջակցություն։
Առաջին տրանշը հատկացվել է հունիսին․ €3,9 մլրդ ուղղվել է անօդաչուներին, իսկ այս շաբաթվա սկզբին դրան հաջորդել է €6,1 մլրդ՝ սպառազինության գնման համար։
Վարկի պայմանների համաձայն՝ Ուկրաինան չի կարող ԵՄ-ից և Եվրոպական տնտեսական գոտուց դուրս գնել սարքավորումներ, եթե դրանց բաժինը գերազանցում է պաշտպանական արտադրանքի ընդհանուր արժեքի 35%-ը։
Կիևը կարող է դիմել այս կանոնից շեղման համար, եթե եվրոպական արտադրողների շրջանում չկա իր հրատապ օպերատիվ կարիքներին համապատասխան համարժեք տարբերակ, կամ եթե եվրոպական արտադրանքը չի կարող ապահովել պահանջվող ծավալները, արտադրվում է չափազանց երկար ժամանակում կամ չափազանց թանկ է արժենում։
Ուկրաինայի կառավարությունը առայժմ խնդրել է նման երկու բացառություն․ մեկը՝ անօդաչուների համար չինական բաղադրիչների, և մյուսը՝ ամերիկյան Patriot զենիթահրթիռային որսիչ հրթիռների համար, որոնք Կիևին շտապ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգը ուժեղացնելու նպատակով։
Եվրահանձնաժողովը հաստատել է երկու դիմումներն էլ՝ ընդունելով, որ ներկայում Եվրոպային պակասում են սեփական արտադրական հզորությունները, և որ այն դեռևս կախված է օտարերկրյա արտադրողներից ժամանակակից պատերազմի վարման առանցքային հատվածներում։
Սակայն Ֆրանսիան պնդում է, որ այդ բացառությունները պետք է կրեն ժամանակավոր բնույթ։ Փարիզը ձգտում է հասնել նրան, որ ի վերջո ԵՄ միջոցների մեծ մասը ուղղվի Եվրոպայում արտադրությանը՝ և հնարավոր է՝ նաև Ֆրանսիայում։
Ֆրանսիան ունի Եվրոպայի խոշորագույն պաշտպանական ոլորտներից մեկը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է ֆրանս-իտալական SAMP/T զենիթահրթիռային համալիրին, որը ամերիկյան Patriot համակարգի ամենամոտ եվրոպական այլընտրանքն է։
Միևնույն ժամանակ հուլիսին Շվեդիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի և Լիտվայի պաշտպանության նախարարները նամակ էին հղել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալլասին և պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսին՝ կոչ անելով Ուկրաինային տրամադրել առավելագույն ազատություն իրեն շտապ անհրաժեշտ սարքավորումների գնման հարցում։
«Մենք շարունակում ենք ընդգծել, որ արտադրանքի ցանկերի օպերատիվ հաստատումը առանցքային նշանակություն ունի, այդ թվում՝ երրորդ երկրների արտադրած նյութերի գնման համար դերովգացիայի (կանոններից շեղման) պրագմատիկ կիրառման միջոցով», — ասվում է նամակում։
Այնուամենայնիվ Փարիզը շարունակում է Եվրահանձնաժողովից պահանջել երաշխիքներ, որ ժամանակի ընթացքում օտարերկրյա մատակարարները կփոխարինվեն եվրոպական արտադրությամբ։ Թե դա ինչպես է իրականացվելու, մեծապես կախված է հենց վարկի մեխանիզմից։
Սկզբում Կիևը Բրյուսելին ներկայացրել էր միջոցների նախատեսվող օգտագործման ընդհանուր ծրագիր՝ ըստ արտադրանքի կատեգորիաների՝ դրոններ, ՀՕՊ համակարգեր, հրետանի և այլն։ Բաշխման ճշգրիտ գումարները գաղտնի են և կարող են ճշգրտվել՝ կախված մարտի դաշտում կարիքների փոփոխությունից։
Բացառության տակ ընկնող արտադրանքի համար նախատեսված է երկրորդ փուլ․ ուկրաինական կառավարությունը պետք է ներկայացնի մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչպես են ծախսվելու գումարները, ներառյալ պայմանագրերը, որոնցում նշվում է, թե կոնկրետ ինչ սարքավորում է գնվում, որ մատակարարից և ինչ ժամկետներում։ Հանձնաժողովը միջոցները հատկացնում է միայն այդ պայմանագրերը ուսումնասիրելուց հետո։