Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում խոշոր պետական հիվանդանոցի մայրերի և նորածինների բաժանմունքում բռնկված հրդեհը 14 նորածնի կյանք է խլել, հայտնում է AFP-ն։
Ծնողների և ականատեսների խոսքով՝ փրկարարները ժամանել են միայն հրդեհի բռնկումից զգալի ժամանակ անց։
Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի վաղ առավոտյան Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի (PIMS) մոր և մանկան պահպանության բաժանմունքի երրորդ հարկի օդորակիչում։ Պալատում գտնվել է 15 նորածին, որոնցից հաջողվել է փրկել միայն մեկին։
Ականատեսներից մեկը՝ Հիվսա Վալիդը, պատմել է, որ պալատի մոտ էր իր ազգականուհու հետ, որը մի քանի օր առաջ երեխա էր ունեցել։ Լսելով ճիչը և տեսնելով ծուխը՝ նրանք վերցրել են նորածնին ու դուրս վազել շենքից։
«Մենք նույնիսկ իրերի մասին չէինք մտածում։ Պարզապես վերցրինք երեխային և վազեցինք ներքև», — պատմել է նա։
Զոհված երեխաների ծնողները պնդում են, որ բաժանմունքում չկային հրդեհային անվտանգության անհրաժեշտ միջոցներ և տարհանման ելքեր։ Հայրերից մեկը Reuters-ին ասել է, որ հիվանդանոց այցելելու ութ օրվա ընթացքում չի նկատել ոչ հակահրդեհային պաշտպանության համակարգ, ոչ էլ նորմալ ելքեր։ Նրա խոսքով՝ դռների մեծ մասը փակ էր։
Որոշ ականատեսներ նաև նշել են, որ հերթապահ անձնակազմը տեղում չի եղել։ Վկաներից մեկի խոսքով՝ մարդիկ ստիպված են եղել կոտրել դուռը, իսկ փրկարարները կոտրել են պատուհանները, որպեսզի ներս մտնեն և կարողանան մարել կրակը։
Զոհված նորածիններից մեկի մայրը AFP-ին պատմել է, որ բաժանմունքի դուռը, իբր, կողպված է եղել։ Նա պնդում է, որ մի քանի ժամ օգնության էր կանչում, իսկ ոստիկանությունը ժամանել է միայն չորս ժամ անց։ PIMS-ի ղեկավար Ռանա Իմրան Սիքանդերը հերքել է դռան կողպված լինելու մասին պնդումը՝ հայտարարելով, որ մուտքի մոտ աշխատակից է եղել։ Նրա խոսքով՝ նման վերահսկողությունն անհրաժեշտ է նորածինների առևանգումները կանխելու համար, որոնց դեպքեր նախկինում եղել են պետական հիվանդանոցներում։
Իսլամաբադի մայրաքաղաքային շրջանի ղեկավար Սոհայիլ Աշրաֆն, իր հերթին, հայտարարել է, որ փրկարարները տեղ են հասել արտակարգ ահազանգը ստանալուց անմիջապես հետո։
PIMS-ի բաժանմունքում, որը մայրաքաղաքի խոշորագույններից մեկն է, կա 156 մահճակալ։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հանձնարարել անհապաղ քննություն սկսել ողբերգության պատճառների վերաբերյալ։ Դաշնային առողջապահության նախարար Ասլան Գաուրին հեռացվել է պաշտոնից։