Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) հրամանատար Մազլում Աբդին օգոստոսի 25-ին հայտարարել է, որ կազմավորումը դադարեցնում է իր անկախ ռազմական ուժի գործունեությունը։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ուժերի ստորաբաժանումներն ինտեգրվել են սիրիական բանակի բրիգադների կազմում, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Նրա խոսքով՝ այս քայլն ազդարարում է նոր փուլի սկիզբը, որն ուղղված է լինելու խաղաղությանը, կայունությանն ու նոր Սիրիայի կառուցմանը։
Դամասկոսի Ժողովրդական պալատում հրավիրված ասուլիսի ժամանակ Աբդին նշել է, որ Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաայի հետ ձեռք բերված համաձայնությունից և ինտեգրման գործընթացի ավարտից հետո SDF-ի առաքելությունը մոտեցել է ավարտին։
«Ցանկանում ենք, որ այս օրով ազդարարվի անցումը պատերազմից դեպի խաղաղություն, զենքի դարաշրջանից դեպի արարում»,- ասել է Աբդին։
Նա նաև հայտնել է, որ նախագահ աշ-Շարաան բազմիցս վերահաստատել է քրդերի՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։ Աբդիի խոսքով՝ արդեն այս տարի կսկսվեն քրդերենով ուսուցման ներդրման աշխատանքները։
«Մենք ուզում ենք նոր Սիրիա կառուցել իր բոլոր քաղաքացիների՝ քրդերի, արաբների, թուրքմենների ու ասորիների համար. միասնական ու կայուն Սիրիա, որը պաշտպանում է իր զավակների ապագան և ապահովում նրանց արժանապատիվ կյանքը»,- հայտարարել է ՍԴՈւ-ի հրամանատարը։
ՍԴՈւ-ի ինտեգրման ավարտը դիտվում է որպես Սիրիայի պետական ինստիտուտները միավորելու և երկրի հյուսիս-արևելքում նրանց լիարժեք դերը վերականգնելու ճանապարհին ուղղված կարևոր քայլ։ Սա նաև պետք է վերջ դնի պատերազմի տարիներին ձևավորված զուգահեռ ռազմական ու վարչական կառույցներին և տարածաշրջանը վերադարձնի երկրի միասնական վարչական, ինստիտուցիոնալ ու տնտեսական համակարգին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբդին նշանակվել է Սիրիայի նախագահի՝ քրդական հարցերով խորհրդական։