Իրանը հայտարարել է սեփական տեխնոլոգիաների հիման վրա նոր ՀՕՊ համակարգերի արտադրության մասին

Իրանը սկսել է նոր հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունը, ինչպես նաև վերջին պատերազմների ընթացքում իրենց արդյունավետությունն ապացուցած համալիրների վերարտադրությունը։ Բոլոր մշակումներն ստեղծվում են սեփական տեխնոլոգիաների հիման վրա, հայտարարել է Իրանի բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիզերա Էլհամին, հաղորդում է Mehr։

Նրա խոսքով՝ վերջին երկու պատերազմների փորձը թույլ է տվել իրանցի զինվորականներին կատարելագործել ՀՕՊ-ի կիրառման մարտավարությունը և մշակել նոր համակարգեր։ Էլհամին նշել է, որ հակառակորդի կործանիչների և ռազմավարական անօդաչու թռչող սարքերի խոցման գործում իրանական հակաօդային պաշտպանության արդյունավետությունն ակնառու կերպով դրսևորվել է 40-օրյա պատերազմի ընթացքում։

«Մենք խոցել ենք զգալի թվով ռազմավարական և արդյունավետ անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև թշնամու կործանիչներ», — հայտարարել է գեներալը։

Էլհամիի խոսքով՝ 40-օրյա հակամարտությունը իրանական բանակին կարևոր փորձ է տվել մարտավարության, ՀՕՊ համակարգերի արտադրության, դրանց ծավալման և տեղակայման ոլորտներում։ Ստացված դասերի հիման վրա զինվորականները կատարել են անհրաժեշտ փոփոխությունները։

«Այժմ մենք առաջ ենք շարժվում՝ հենվելով 100% իրանական հնարավորությունների վրա։ Մենք ավելացնում ենք նոր համակարգեր և վերարտադրում այն համակարգերը, որոնք լավ են դրսևորել իրենց 40-օրյա պատերազմում», — ասել է հրամանատարը։

Նա հավելել է, որ Իրանը նաև արտադրում է նոր համակարգեր և սարքավորումներ՝ օգտագործելով բացառապես սեփական գիտելիքներն ու տեխնոլոգիաները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *