Renault ընկերությունը փոքր-ինչ թարմացրել է Renault 5 էլեկտրական հեչբեքը՝ ավելացնելով ընթացքի պաշարը և համալրելով այն ձևավորման նոր տարբերակներով, հայտնում է Autocar-ը։
Փոփոխությունները կոչված են բարձրացնելու մոդելի մրցունակությունը նոր մրցակիցների ի հայտ գալու ֆոնին։
Ավելի աերոդինամիկ հայելիների և թափքի ստորին հատվածի փոփոխության շնորհիվ մեքենայի երկու տարբերակներն էլ այժմ մեկ լիցքավորմամբ մի փոքր ավելի շատ ճանապարհ են անցնում։ 40 կՎտ⋅ժ տարողությամբ մարտկոցով բազային Urban Range տարբերակի հայտարարված ընթացքի պաշարը նախկին 310 կմ-ի փոխարեն դարձել է 315 կմ։ Իսկ ավելի պահանջված Comfort Range տարբերակի դեպքում՝ 52 կՎտ⋅ժ մարտկոցով, ցուցանիշն աճել է 410-ից մինչև 430 կմ։

Առաջիկա շաբաթներին բազային Renault 5-ը կստանա նաև 36,5 կՎտ⋅ժ տարողությամբ նոր մարտկոց՝ լիթիում-երկաթ-ֆոսֆատային (LFP) քիմիայով, ներկայիս 40 կիլովատտժամանոց NMC մարտկոցի փոխարեն։ Չնայած ավելի փոքր տարողությանը՝ նոր մարտկոցը կապահովի մոտ 420 կմ ընթացքի պաշար, ինչը ներկայիս ցուցանիշից ընդամենը 10 կմ-ով պակաս է։ Միաժամանակ այն որոշ չափով ավելի դանդաղ կլիցքավորվի․ լիցքավորման հզորությունը տնային ցանցից կկազմի մինչև 6,6 կՎտ, իսկ արագ հանրային կայանում՝ մինչև 80 կՎտ։
Թարմացված Renault 5-ը ստացել է նաև անհատականացման նոր հնարավորություններ։ Թափքի համար հասանելի է դարձել նոր կարմիր գույն, որը փոխառված է հարակից Nissan Micra էլեկտրամեքենայից, իսկ տանիքը կարելի է պատվիրել աստղային նախշով և մոխրագույն կամ կարմիր եզրագծմամբ։ Techno և Iconic համալրումներում հայտնվել են ոսկեգույն անվասկավառակներ, որոնք հիշեցնում են 1990-ականների լեգենդար Renault Clio Williams-ի ձևավորումը։

Սրահում Iconic տարբերակները դեղինի փոխարեն ստացել են կապույտ-մոխրագույն պաստառապատում։ Բացի այդ, մեքենան համալրվել է սմարթֆոնի անլար լիցքավորման համակարգով։ Փոխվել է նաև շարժման ռեժիմների կառավարումը․ առանձին Multi-Sense կոճակը հանվել է, քանի որ այժմ Smart համակարգն ավտոմատ կերպով ընտրում է ռեժիմը՝ կախված գազի ոտնակի աշխատանքից։ Անհրաժեշտության դեպքում Sport, Eco, Comfort և Individual ռեժիմները նախկինի պես կարելի է ընտրել սենսորային էկրանի կամ ձայնային կառավարման միջոցով։
