Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է օգոստոսի 27-ի կեսօրին Ռուսաստանի Դաշնությունում իր դեսպանատան հյուրատան առջև անհայտ անձանց կողմից «Ադրբեջանի դեմ ուղղված սադրիչ պատկերների տեղադրումը»։
«Հնարավոր է, որ այս անընդունելի սադրանքը, բացի ադրբեջանա-ռուսական հարաբերություններն արհեստականորեն սրելու փորձից, Ադրբեջանի դեմ վերջերս մի շարք ռուսական լրատվամիջոցների կողմից իրականացվող կեղտոտ և կողմնակալ արշավի մի մասն է։
Ադրբեջանական կողմը կոչ է անում Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին տալ նման սադրիչ գործողությունների պատշաճ իրավական գնահատականը, ապահովել միջադեպի համապարփակ հետաքննություն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կրկնությունը կանխելու համար։
Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմը լիովին կկատարի 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները՝ ապահովելու Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան և դրա անձնակազմի անվտանգության բավարար մակարդակ, ինչպես նաև կանխելու ցանկացած սադրիչ գործողություն, որը կարող է խոչընդոտել դիվանագիտական առաքելության բնականոն գործունեությունը», – նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։