Նորաձևության մանրածախ ոլորտում հայտնի «ՄԼ ՖԵՇՆ» ընկերությունն առաջին անգամ ֆինանսական միջոցներ է ներգրավում պարտատոմսերի թողարկմամբ՝ դառնալով կապիտալի շուկայի նոր մասնակիցներից մեկը: Տեղաբաշխումն իրականացրել է «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերությունը, իսկ թողարկման պայմանները լիովին համապատասխանում են Հայաստանի պարտքային շուկայի իրողություններին:
Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 500 միլիոն ՀՀ դրամ: 100 հազար դրամ անվանական արժեքով 5 000 հատ պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը 13% է, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Արժեկտրոնները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ։
Պարտատոմսերը տեղաբաշխվել են սահմանված ժամկետից շուտ, ինչը խոսում է ներդրումային ընկերության և թողարկողի նկատմամբ շուկայի վստահության մասին: «ՄԼ ՖԵՇՆ»-ի պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել ինչպես մանրածախ, այնպես էլ ինստիտուցիոնալ ներդրողների կողմից:
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, կարևորելով նոր ոլորտի մուտքը կապիտալի շուկա, նշեց․ «Նորաձևության ոլորտից քիչ ընկերություններ են ներկա կապիտալի շուկայում։ Բայց սա կրկին անգամ փաստ է առ այն, որ պետք չէ վախենալ կապիտալի շուկայից միջոցներ ներգրավել։ Այլ ընդհակառակը, պետք է լինել խիզախ և գործել թափանցիկ, ինչպես թողարկողներն են գործում։ Բորսայի դերը միայն արժեթղթերի առևտրի կազմակերպմամբ չի սահմանափակվում․ մեր նպատակն է ձևավորել այնպիսի ներդրումային միջավայր, որտեղ ընկերությունները կարող են կապիտալի շուկան դիտարկել որպես իրենց ռազմավարական ծրագրերի իրականացման, ֆինանսական միջոցների ներգրավման, համագործակցության ընդլայնման և երկարաժամկետ կայուն զարգացման արդյունավետ հարթակ»։
«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ–ի խորհրդի նախագահ Եղիշե Դանիելյանի խոսքով՝ ընկերության համար կարևոր էր միջոցներ ներգրավել ոչ թե ուղղակիորեն բանկերից վարկային միջոցներ ներգրավելով, այլ մասնակցություն ունենալ նաև կապիտալի շուկայում: Նա շեշտեց, որ պարտատոմսերի տեղաբաշխումը սահմանված ժամկետից շուտ ավարտելը խոսում է տեղաբաշխողի պրոֆեսիոնալիզմի մասին, ինչպես նաև ընկերության և վերջինի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ ներդրողների վստահության մասին։ «Ես կարծում եմ, որ մեր մուտքը կապիտալի շուկա այսքանով չի սահմանափակվի և հետագայում հնարավորություն կունենանք հանդես գալ նաև ներդրումային այլ ծրագրերով»,- հավելեց նա։
«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն ընդգծեց, որ թողարկումից առաջ իրականացվել է խորը վերլուծություն՝ պարզելու ընկերության ֆինանսական վիճակը և պարտավորությունները կատարելու կարողությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ՄԼ ՖԵՇՆ»-ը գտնվում է բավականին լավ ֆինանսական վիճակում և ունակ է ժամանակին կատարել ստանձնած պարտավորությունները: Նա ավելացրեց, որ պարտատոմսերի թողարկմամբ ընկերությունը դառնում է ավելի հանրային ու պատասխանատու, իսկ այս գործընթացը «Կուբ Ինվեսթ»-ի համար ոչ թե մեկանգամյա քայլ է, այլ երկարաժամկետ գործընկերության սկիզբ:
«ՄԼ ՖԵՇՆ»–ը գործունեությունը սկսել է 2018 թվականին՝ բացելով իր առաջին խանութ-սրահը: Ընկերության հիմնական գործունեությունն ուղղված է հագուստի և աքսեսուարների ներմուծմանն ու վաճառքին: Հայաստանում այն ներկայացնում է միջազգային ճանաչում ունեցող Zarina և Punt Roma ապրանքանիշերը: «ՄԼ ՖԵՇՆ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Մարիամ Մելիքսեթյանը նշեց, որ այսօր ընկերությունն ունի Zarina ապրանքանիշի 13 խանութ-սրահ և իսպանական Punt Roma ապրանքանիշի 2 խանութ: Առաջիկա ամիսներին նախատեսվում է խանութներ բացել նաև Վրաստանում։ Ընկերության ներկայացուցիչները նաև հայտնեցին, որ պարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավված ֆինանսական միջոցներն ուղղվելու են «ՄԼ ՖԵՇՆ» ընկերության զարգացման ռազմավարությամբ սահմանված նպատակների իրականացմանը՝ խանութների ցանցի ընդլայնմանը և նոր ապրանքանիշերի ներգրավմանը:
Հայաստանում կապիտալի շուկայի ակտիվացմանը մեծապես նպաստել է կառավարության սուբսիդավորման ծրագիրը: Այն թույլ է տալիս կազմակերպություններին հրաժարվել ավանդական գրավային վարկավորումից և ֆինանսական միջոցներ ներգրավել պարտատոմսեր թողարկելու միջոցով՝ սեփական զարգացման ծրագրերի ու վստահության հիման վրա: Հայկ Եգանյանն ընդգծեց նաև «Կուբ Ինվեսթ»-ի կարևոր դերը որպես առաջատար տեղաբաշխող՝ նշելով, որ առանց ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունների՝ կապիտալի շուկան չի կարող զարգանալ: Անդրադառնալով ներդրողների օգուտներին՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ղեկավարը հավելեց, որ ֆիզիկական անձ հանդիսացող ներդրողները դրամով առնվազն 3-4 տոկոսով ավելի գումար են վաստակում ավանդի համեմատ, ինչպես նաև խնայում են 10% եկամտահարկ: Այդ ավելի վաստակած միջոցները վերադառնում են տնտեսություն, մեծացնում սպառումը, ինչն էլ ուղղակիորեն բերում է տնտեսական աճի:
«ՄԼ ՖԵՇՆ» ընկերության հաջողված մուտքը կապիտալի շուկա ևս մեկ ազդակ է մյուս ընկերությունների համար՝ դուրս գալու ավանդական վարկավորման շրջանակից, դառնալու ավելի թափանցիկ ու հանրային և ներգրավելու զարգացման նոր ռեսուրսներ: