ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Հանբարձումյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ասուլիսում արված հայտարարությանը։
-Երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործին, նշել է, որ չի կարող 8 տարի ձգվել քրեական գործը։
Այս շրջանակում նաև անդրադարձել է Ձեզ. «Գուցե փողե՞ր եք վերցրել, կամ մտածում եք՝ ձեր հետևից չե՞նք գա»։ Հնարավո՞ր եք համարում, որ Ձեր հանդեպ ևս գործ հարուցվի։
Հարյուր տոկոսով համակարծիք եմ վարչապետի հետ՝ քրեական գործը չի կարող քննվել ութ տարի անընդմեջ, հատկապես՝ տնտեսական, գույքային բնույթի գործերը, երբ առկա են փաստաղթային հիմքեր:
Քրեական գործերի նախաքննության ժամկետները սահմանված են օրենքով, և դրանք չեն կարող երկարաձգվել՝ անհիմն ու կամայական:
Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել՝ քննիչի մոտ գործը քննելիս կալանքը տրվում է դատավորի կողմից, և որևէ մեկը չպետք է կալանավորվի, եթե 8 տարի շարունակ բարեխիղճ ձևով մասնակցել է նախաքննությանը, այսինքն՝ չկան նոր հիմքեր: Սա աքսիոմ է՝ առանց լրացուցիչ մեկնաբանության: Ի վերջո մենք կարծում ենք, որ ապրում ենք ազատ ու իրավական երկրում, հակառակ պարագայում, որն էր 2018 թվականի իմաստը…
Ինչ վերաբերում է իմ նկատմամբ հնարավոր քրեական հետապնդմանը, ես հավատացել եմ 2018 թվականին, համոզված եմ եղել, որ իսկապես փոփոխություններ են պետք մեր Հայրենիքին, դրա համար էլ նվիրումով աշխատել եմ:
Իմ գնահատմամբ, առնչվելով տասնյակ միլիարդավոր դրամ վերականգնման գործարքների հետ, թույլ չեմ տվել կոռուպցիոն ռիսկեր, նույնը վերաբերելի է նաև մինչ այդ ծառայությանս, հետևաբար՝ մտահոգվելու առիթ չունեմ: