100 ընկերություն, այդ թվում՝ Google-ը, Microsoft-ն, Anthropic-ը և OpenAI-ը, բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով երկրներին և կազմակերպություններին ուժեղացնել իրենց կիբեռանվտանգության համակարգերը, քանի դեռ արհեստական բանականությունն (AI) այնքան չի հզորացել, որ կարողանա շրջանցել դրանք․ գրում է BBC-ն։
Նամակում նախազգուշացվում է, որ արհեստական բանականության միջոցով իրականացվող կիբեռհարձակումների դեպքերն առաջիկա ամիսներին կշատանան և ավելի բարդ բնույթ կկրեն՝ տեխնոլոգիայի արագ զարգացմանը զուգահեռ։
Խումբը նշում է, որ ներկայիս անվտանգության միջոցներն այլևս «բավարար չեն լինի», և քննադատում է կարևոր ենթակառուցվածքների անվտանգության ոլորտում առկա «անբավարար ռեսուրսավորումը»՝ նկատի ունենալով, որ դրանց կիբեռանվտանգության ապահովման համար տարիներ շարունակ բավարար ռեսուրսներ չեն հատկացվել։
«Կիբեռպաշտպանությունն ամրապնդելու համար սահմանափակ ժամանակ ունենք», – ասվում է նամակի սկզբում։
Այն ստորագրած այլ ընկերությունների թվում են Capital One բանկային ընկերությունը, MasterCard և Visa վճարային համակարգերը, ինչպես նաև տեխնոլոգիական խոշոր այլ ընկերություններ, այդ թվում՝ Adobe-ը, Oracle-ը և IBM-ը։
Նրանք կառավարություններին կոչ են անում հիվանդանոցներին և ջրամատակարարման ծառայություններ մատուցող կազմակերպություններին տրամադրել «արդյունավետ պաշտպանական AI գործիքներ» և դրանց փորձարկման հնարավորություններ, իսկ տեխնոլոգիական ընկերություններին հորդորում են աջակցել այդ նախաձեռնություններին։
Նամակը հրապարակվել է վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք լուրջ հաքերային հարձակումների և կիբեռանվտանգային խոշոր խախտումների մասին հրապարակումների ֆոնին։