Նախկին պաշտպանը պնդում է, որ մրցավարը միտումնավոր օգնել է հայկական թիմին


Սպորտ


Ռումինական ֆուտբոլի վետերան, 79-ամյա Սանդու Բոկը խիստ քննադատության է ենթարկել մրցավարությանը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատյա Կրայովա» (1:0) հանդիպումից հետո: Նախկին պաշտպանը պնդում է, որ մրցավարը միտումնավոր օգնել է հայկական թիմին, և եթե ինքը լիներ թիմի ղեկավարը, ապա ֆուտբոլիստներին դուրս կբերեր խաղադաշտից։


Հանդիպումն ունեցավ չափազանց դրամատիկ ավարտ։ Ավելացված ժամանակում «Արարատ-Արմենիան» 11-մետրանոցի իրավունք ստացավ։ Լաուրենցիու Պոպեսկուն հետ մղեց Սանդրո Լիմայի հարվածը, սակայն գլխավոր մրցավար Դոնատաս Ռումշասը պահանջեց կրկնել այն, քանի որ ռումինացիների պաշտպան Ռոմանչուկը ժամանակից շուտ էր մտել տուգանային հրապարակ։ Երկրորդ փորձից հետո դարպասապահը կրկին փրկեց թիմին, սակայն վրա հասած Լիման գրավեց դարպասը՝ հայկական ակումբին պարգևելով հաղթանակ։

«Սա պարզապես աղետ է, նրանք ծաղրեցին «Կրայովային»։ Ամեն ինչ միտումնավոր էր արվում։ Երբ մրցավարը տեսավ, որ հայերը չեն կարողանում հաղթել, ինչ-որ հիմարություն հորինեց։ Նման իրավիճակում ես թիմին պարզապես դուրս կբերեի դաշտից։

Հավանաբար հայերն իրենց գործն արել էին։ «Կրայովան» արժանի էր առաջ գնալուն, բայց նրանց պարզապես թույլ չտվեցին։ Չի կարելի, որ մրցավարն ինքը գնդակն ուղարկի դարպասը: Շատ ափսոս է նաև ակումբի սեփականատեր պարոն Ռոտարուի թափած ջանքերի համար»,- Բոկի խոսքերն է մեջբերում GSP-ն։

Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» կարողացավ նվաճել Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեգիր։ Մրցաշարում իր մրցակիցների մասին Հայաստանի չեմպիոնը կիմանա այսօր՝ օգոստոսի 28-ին։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *