Երբեմն կարող է թվալ, թե 90-ականների դեպքերը շատ վաղուց են եղել, սակայն հարցը չի հնացել, չի վերացել, ճշմարտությունը իմանալու մեր իրավունքը չի կորցրել իր ուժը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, մամուլի ասուլիսում նշեց 1990–ականներին «Արաբո» ջոկատի անհայտ կորած ազատամարտիկ Գագիկ Չանախչյանի որդի Արամ Չանախչյանը։
«Ցավոք սրտի, տարիների, ոչ արդյունավետ և ոչ համախմբված աշխատանքների արդյունքում, առ այսօր մենք ունենք չլուծված խնդիրներ ու անպատասխան հարցեր։ Այս խնդիրը միայն անցյալի մասին չէ, այլ նաև մեր ներկայի և ապագայի մասին է։ Անորոշության ծանրությունը փոխանցվում է սերնդեսերունդ։ Անհայտ կորածների երեխաները այսօր արդեն իրենք են ծնողներ, բայց դեռ շարունակում են փնտրել իրենց հայրերին, եղբայրներին և հարազատներին։
Մենք այստեղ չենք եկել ամեն մեկս միայն մեր ցավի մասին խոսելու համար, մենք ցանկանում ենք, որ մեզ լսեն, որ անհայտ կորածների հարցը մշտապես մնա պետական և միջազգային օրակարգում, և որ ձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը նրանց ճակատագրերը պարզելու համար։
Մենք չենք պահանջում անհնարինը, մենք պահանջում ենք ճշմարտություն։ Մենք ուզում ենք իմանալ՝ ի՞նչ է պատահել մեր հարազատների հետ և ի՞նչ լուծումներ կան տալու դրանց համար։
Յուրաքանչյուր անհայտ ընտանիք, անհայտ կորած անձ ունի անուն, պատմություն և իրեն սպասող ընտանիք։ Իմ հայրը պարզապես թիվ կամ տարիներ առաջ գրանցված դեպք չէ, նա մարդ է, իմ ընտանիքի անդամը, իմ բացակայող մասը, ինչպես և մնացածի հարազատները»,–ասաց նա։