Մենք մեր պատմությանը պետք է նայենք այսօրվա Հայաստանի Հանրապետության դիրքից․ Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցական դասագրքերի բովանդակության մասին

Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին հայտարարություններից հետո, արդյոք ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում․ այսօր ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Ես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ մեր պատմությունը մեր պատմությունն է, և պատմության ուսուցանումն այս հանգամանքներում և այս իրողություններում մենք ոչ թե պետք է կրճատենք, ձևափոխենք, այլ հակառակը՝ պետք է իրականացնենք է՛լ ավելի մանրամասն ու մանրակրկիտ, և պետք է մեր պատմությունն իմանանք իր բոլոր շերտերով, մանրամասներով, պետք է վերլուծենք։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ, որ որևէ բովանդակության կրճատման մասին խոսելն ընդհանրապես իմաստազուրկ է»,- ասաց նախարարը։

Նա հավելեց․ «Մենք նաև շատ հստակ հայտարարել ենք, և այդ հայտարարությունն արել ենք դեռևս այն փուլից, երբ «Հայոց պատմություն» առարկայի անունը վերափոխեցինք «Հայաստանի պատմության», որ մենք պետք է առանձնահատուկ շեշտադրում անենք՝ ինչպե՞ս ենք մենք մեր պատմությանը նայում, մենք մեր պատմությանը պետք է նայենք այսօրվա Հայաստանի Հանրապետության դիրքից, և պետք է կարողանանք վերլուծել մեր պատմությունը՝ տեսնելով, թե ինչպես են դրա տարբեր դրվագներ դեր խաղացել պետականության կորստի կամ պետականության ամրապնդման համար»։

Սա, ըստ նախարարի, կարևոր է, որպեսզի մեր յուրաքանչյուր աշակերտ «այսօր գիտակցելով, որ պետությունն ու պետականությունը մեզ համար բարձրագույն արժեք են, կարողանա մեր պատմական դրվագների հիմքով նաև հասկանալ՝ ի՞նչ զուգահեռներ կարող է տանել, ինչպիսի՞ համադրումներ կարող է տանել, և այսօր էլ՝ որպես այս երկրի քաղաքացի, իր պետության շահերը գիտակցելով, կարողանա նաև պաշտպանել դրանք»։

Ինչ վերաբերում է սփյուռքի հետ հարաբերություններին, ապա նախարարությունը, ըստ Ժաննա Անդրեասյանի, մեծ աշխատանք է տանում սփյուռքի թե՛ կրթական, թե՛ մշակութային գործընթացների առումով։

«Մենք իրականացնում ենք սփյուռքի տարբեր կրթօջախներում աշխատող ուսուցիչների, նաև ադմինիստրատիվ կազմի վերապատրաստումներ, այս ամառ էլ այստեղ էին նրանք։ Եվ, բնականաբար, շարունակում ենք այդ աշխատանքը, և նույնիսկ ավելի ընդլայնում և բազմազանեցնում ենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դասագրքերով ապահովման աշխատանքներ են իրականացնում, որը նույնպես պլանավորված է և շարունակվելու է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *