Եվրահանձնաժողովը մշակել է և սեպտեմբերին կներկայացնի Եվրամիության ընդլայնման քաղաքականության լայնածավալ բարեփոխում, որը ներառում է անդամ պետությունների՝ նոր պետություններ Եվրամիություն ընդունելու հարցում վետոյի իրավունքի չեղարկումը։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
«Եվրահանձնաժողովը պատրաստվում է ԵՄ ընդլայնման գործընթացի խորքային բարեփոխմանը։ Այն սեպտեմբերի վերջին իր առաջարկությունները կներկայացնի ԵՄ երկրներին և Եվրոպական խորհրդարանին։ Նախագիծը ներառում է ամեն ինչ՝ ԵՄ ընդունվելու համար անհրաժեշտ բարեփոխումների վերանայումից մինչև որոշումներ ընդունելիս միաձայնության սկզբունքի փոխարեն որակյալ մեծամասնության կիրառումը՝ արգելափակումներից խուսափելու համար», – նշել է գործակալությունը։
Բարեփոխումը նաև ներառում է նոր երկրների՝ ԵՄ-ում փուլային ինտեգրման սկզբունքի ներդրում և անդամակցությունից հետո նրանց իրավունքները սահմանափակելու հնարավորություն։
Բարեփոխման հաստատումը կպահանջի Եվրամիության բոլոր 27 երկրների միաձայն որոշումը։