Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, որն ավարտում է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունը, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել նրա աշխատանքի ժամանակահատվածում Ֆրանսիայի ու Սյունիքի մարզի միջև հաստատված ջերմ աշխատանքային, բարեկամական հարաբերությունների, համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու համար, որի արդյունքն ակնհայտ է ու տեսանելի։ Այդ ամենում Ռոբերտ Ղուկասյանը շեշտել է Օլիվիե Դըկոտինյիի անձնական դերն ու ներդրումը։
«Ես միանշանակ վստահ եմ, որ Ձեր օրոք Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները, մասնավորապես Սյունիքի հետ հարաբերությունները նոր բարձունքի են հասել։ Մեր մարզում դեռ շատ սերունդներ են տեսնելու այդ աշխատանքի դրական արդյունքները։ Մենք գնահատում ենք Ձեր՝ թե՛ որպես դիվանագետ, թե՛ որպես մարդ ու լավ ընկեր ամենածանր պահերին 24 ժամ մեր կողքին լինելը, — նշել է մարզպետն ու հավելել, — կարծում եմ՝ Սյունիքում հայ-ֆրանսիական ջերմությունը երբևէ այսպիսի մակարդակում չի եղել։ Ֆրանսերենը և Ֆրանսիայի մշակույթը Սյունիքում արդեն ամենուր են»։
Իր հերթին Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու ՀՀ-ում իր առաքելության ընթացքում սերտ համագործակցության համար։ Նա հիշատակել ու թվարկել է երկկողմ աշխատանքի այն արդյունքներն ու ծրագրերը, որոնք համատեղ կյանքի են կոչվել։ Այդ ամենի ամենաակնառու օրինակն, անշուշտ, Սյունիքի ու Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի բարեկամությունն է, դրան հետևած՝ մարզի բոլոր համայնքների քույրացումը ֆրանսիական քաղաքների հետ, բազմաթիվ կրթամշակութային ու առողջապահական ծրագրերը։
Հանդիպման ավարտին Սյունիքի մարզպետը հաջողություն է մաղթել Օլիվիե Դըկոտինյիին հետագա գործունեության մեջ, և կողմերը համոզմունք են հայտնել, որ Սյունիքի և Ֆրանսիայի միջև ձևավորված խոր գործընկերությունն ու ջերմ հարաբերությունները նույն արդյունավետությամբ կշարունակվեն նաև նոր նշանակվելիք դեսպանի պաշտոնավարման ընթացքում։