Ջերմուկը պատրաստվում է իր բնապահպանական օրակարգը ներկայացնել COP17-ում

Ջերմուկը պատրաստվում է իր բնապահպանական օրակարգը ներկայացնել COP17-ում

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն անցկացրեց իրազեկման հանդիպում՝ նվիրված Երևանում հոկտեմբերի 19-30-ը կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Հանդիպմանը մասնակցեցին Վայոց ձորի մարզպետարանի, Ջերմուկ համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բնակիչներ։

 

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP17-ի հիմնական նպատակները, Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի թիրախները և Ջերմուկի նշանակությունը Հայաստանի կողմից ստանձնած կենսաբազմազանության պահպանության պարտավորությունների իրականացման համատեքստում։

 

Վիկտորյա Բուռնազյանն ընդգծեց համայնքների դերը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի նպատակների իրականացման գործում։ Տեղական համայնքները կենսաբազմազանության պահպանության կարևոր դերակատարներ են․ նրանք ոչ միայն բնության տարածքների անմիջական օգտագործողներն ու կառավարողներն են, այլև տեղական գիտելիքի կրողները։ Եվ շատ կարևոր է նրանց լիարժեք մասնակցությունը որոշումների կայացման, դրանց իրականացման ու վերահսկողության գործընթացներին։

 

Վիկտորյա Բուռնազյանը նշեց՝ Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի 30 թիրախներից 21-ը վերաբերելի են Ջերմուկին։ Նա անդրադարձավ թիրախ 3-ին, որը վերաբերում է բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնմանը։ Հայաստանը թիրախ է սահմանել մինչև 2030 թվականն ապահովել երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի 20%-ի արդյունավետ պահպանումը։ Այս թիրախին հասնելու համար նախատեսվում է ստեղծել «Ջերմուկ», «Տաթև» ազգային պարկերը և «Դիլիջան» կենսոլորտային տարածքը։

«Ջերմուկ» ազգային պարկը նախատեսվում է ստեղծել Ջերմուկ ջրաբանական, Ջերմուկ անտառային, Հերհերի նոսրանտառային արգելավայրերի և համայնքային հողերի հիման վրա։

 

Ջերմուկի տարածքն էկոլոգիական միջանցք է, որը կապում է Սյունիքի և Վայոց ձորի լեռնային կենսաբազմազանության գոտիները։ Տարածքը ներառում է ալպիական լանդշաֆտներ, ժայռային լեռնային էկոհամակարգեր և լեռնային գետերի համակարգեր։

Ջերմուկի տարածքի կենսաբազմազանության պահպանման նպատակով Հայաստանի 33 015.00 հեկտար  մակերեսով «Ջերմուկ» թեկնածում էմերադ տարածք  ունի«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի շրջանակում։ Այս տարածքում հանդիպում են պարսկական ընձառյուծ, բեզոարյան այծ, մոխրագույն գայլ,  գորշ արջ, հայկական մուֆլոն, եվրոպական վայրի կատու, մորուքավոր անգղ, ոսկեթև արծիվ, Եվրասիական ճաղատ անգղ։

 

Սակայն հետագայում «EU4Environment» ծրագրի շրջանակներում առաջարկվել է 5,6%-ով կրճատել «Ջերմուկ» էմերալդ թեկնածու տարածքը։ Այս հանգամանքը մտահոգություն է առաջացրել միջազգային և տեղական փորձագետների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում, ովքեր այս փոփոխությունը կապում են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին կանաչ լույս տալու հետ։ Կրճատման արդյունքում «Ջերմուկ» թեկնածու տարածքը դուրս կգա  «Ջերմուկ» էմերալդ թեկնածու տարածքից։

 

Այս փոփոխությունը մտահոգություն առաջացրեց քաղաքացիական հասարակության և բնապահպանական կազմակերպությունների շրջանում։  

 

Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը Հայաստանի իշխանություններին կոչ արեց ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը մինչև  Երևանում կայանալիք COP17-ը՝ ցուցադրելով կենսաբազմազանության պահպանության նկատմամբ հստակ և ամուր հանձնառություն։

 Իշխանություններին կոչ է արվել նաև մինչև արդյունահանման աշխատանքների մեկնարկը Ամուլսարի ծրագրի համար իրականացնել նոր Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։

Էմերալդ ցանցի վերանայման վերաբերյալ խորհրդակցություններում ՔՀԿ մասնակցությունը պետք է լինի բովանդակալից, իսկ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները պատշաճ կերպով հաշվի առնվեն և արտացոլվեն կայացվող որոշումներում։ 

 

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ COP17-ը եզակի հնարավորություն է՝ բարձրացնելու Ջերմուկի հարուստ կենսաբազմազանության պահպանության հարցերը։ COP17-ին հասարակության լայն շերտերի մասնակցության համար առանձնացված է այսպես կոչված Կանաչ գետին, որի անցկացման վայրն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։

 

Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց Կանաչ գոտում քաղաքացիական հասարակության մասնակցության ձևաչափերը։ Նա նշեց, որ համայնքը կարող է ներկայացնել իրեն առավելապես հետաքրքրող թեմաներ, այդ թվում՝ Ջերմուկի կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը, էկոհամակարգային ծառայությունների դերը զբոսաշրջության զարգացման գործում, կլիմայի փոփոխության ազդեցությունը կենսաբազմազանության վրա, ինչպես նաև համայնքի մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացին։

 

Հանդիպման մասնակիցները որոշեցին ստեղծել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն համայնքի ակտիվ բնակիչները։ Էկոլուրի հետ համատեղ կորոշվեն, թե որ թեմաներն են առաջնահերթ համայնքի համար։

Ջերմուկի մասնակցությունը COP17-ին կարևոր հնարավորություն է համայնքի ձայնը միջազգային հարթակում լսելի դարձնելու, տեղական բնապահպանական առաջնահերթությունները ներկայացնելու և դրանց շուրջ համատեղ լուծումներ ձևավորելու համար։

Հանդիպումն անցկացվեց «Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Օգոստոս 28, 2026 at 18:50

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *