Մեր նպատակը խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումն է․ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Գյումրիում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովը, որի բացմանը ելույթով հանդես է եկել նախարար Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այս տարվա աշխատաժողովն առանձնահատուկ է երկու հիմնական պատճառով․ այն անցկացվում է խորհրդարանական ընտրություններից հետո և ձևավորված նոր իրողությունների ֆոնին։ Այս համատեքստում նա շեշտել է արտաքին քաղաքականության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ ուղղված Հայաստանի շուրջ խաղաղ ու համագործակցային միջավայրի հետևողական ձևավորմանը, խաղաղության ինստիտուցիոնալացմանն ու գործընկերային կապերի զարգացմանը։

Անդրադառնալով երկրորդ առանձնահատկությանը՝ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, ինչը լիովին համահունչ է նախարարությանը վերապահված նոր գործառույթներին։

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում ուղերձներով հանդես են եկել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Աշխատաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրում տեղ գտած արտաքին քաղաքական առաջնահերթություններին և դրանց իրագործման գործում դիվանագիտական ներկայացուցչությունների ու ԱԳՆ-ի դերին։

Վարչապետը նշել է, որ նախարարության անվանափոխության հիմքում ընկած է հստակ հայեցակարգ, որի նպատակն է արտաքին քաղաքականության մեջ տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հասնել շոշափելի արդյունքների և բարձրացնել բարեկեցությունը։ Ելույթից հետո ծավալվել է քննարկում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպանների հարցերին։

Միջոցառման մեկնարկին ներկա են եղել նաև Ազգային ժողովի և Կառավարության անդամներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *