Եվրոպական հատուկ ծառայությունները նշաններ չեն տեսնում, թե Ռուսաստանը ռազմական հարձակում է ծրագրում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների վրա։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։
Այս հայտարարությունը հնչել է այն տեղեկությունների ֆոնին, թե ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա կատարած այցի ընթացքում կարող էր ռուսական իշխանություններին հորդորել զերծ մնա նման քայլից, փոխանցում է BBC-ն։
Մասնավորապես, Wall Street Journal թերթը գրել էր, որ Ռուսաստանը առաջիկա մի քանի տարիներին կարող է փորձել «սահմանափակ հարձակման» միջոցով ստուգել ՆԱՏՕ-ի ամրությունը։
Անանունության պայմանով զրուցած ԵՄ ներկայացուցիչը սպառնալիքի հավանականությունը գնահատել է հետևյալ կերպ․ «Ընդհանուր առմամբ եվրոպական ծառայությունները եվրոպական երկրների վրա Ռուսաստանի հարձակման ռիսկ չեն տեսնում, և այդ գնահատականը չի փոխվել»։
AFP-ի զրուցակիցը նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է լարվածությունը մեծացնելու փորձերն ու հիբրիդային պատերազմ է վարում, իսկ այդ առումով առավել խոցելի են դաշինքի արևելյան երկրները։
«Մենք տեսնում ենք այդ հիբրիդային, իսկ երբեմն էլ՝ ոչ լիովին հիբրիդային հարձակումներ․ դրանք շարունակվում են․ մենք ելնում ենք նրանից, որ դրանք շարունակվելու են նաև ապագայում»,- ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։