Ուկրաինան բազմիցս խախտել է էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների մորատորիումը, որը 2025 թվականի գարնանը առաջ էր տանում ամերիկյան կողմը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Նույնը վերաբերում է նաև 2025 թվականի գարնանը էներգետիկ օբյեկտների վրա հարվածների մորատորիումին. այն ժամանակ Կիևը խախտել է այն 136 անգամ։ Ի դեպ, հիշեցնեմ, որ այդ մորատորիումը ակտիվորեն առաջ էր տանում ամերիկյան կողմը, իսկ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը, ըստ էության, ոտնատակ տվեց այն», — ասել է դիվանագետը։
Խոսքը վերաբերում է 2025 թվականի մարտի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո ձեռք բերված պայմանավորվածությանը։ Թրամփը Ուկրաինայի հակամարտության կողմերին առաջարկել էր 30 օրով հրաժարվել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարվածներից։ Պուտինն աջակցել էր նախաձեռնությանը, իսկ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Ուկրաինայի՝ պայմանավորվածությանը միանալու պատրաստակամության մասին։
Սակայն հետագայում Մոսկվան բազմիցս հայտարարել է Կիևի կողմից մորատորիումի խախտումների մասին։ 2025 թվականի ապրիլի 19-ին Պուտինը հայտնել էր, որ ուկրաինական կողմն ավելի քան 100 անգամ հարվածներ է հասցրել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին՝ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին։