Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները պատժամիջոցներ չեն․ Գալուզին

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների ներմուծման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները որպես «պատժամիջոցներ» ներկայացնելը չի համապատասխանում իրականությանը։ РИА Новости-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ և լրատվամիջոցներ սահմանափակումները ներկայացնում են որպես Ռուսաստանի կողմից կիրառվող «պատժամիջոցներ», մինչդեռ դրանք, ըստ Մոսկվայի, պայմանավորված են բուսասանիտարական վերահսկողության պահանջներով։

Գալուզինը նշել է, որ ռուսական կողմը մշտապես ուշադրություն է դարձրել այդ պահանջների պահպանմանը։ Դրանք ներառում են հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը և մատակարարումների հետագծելիության ապահովումը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն ավելի վաղ ընդունել է որոշ ապրանքների որակի հետ կապված խնդիրների առկայությունը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից կարանտինային ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։

Ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը սահմանափակումները պայմանավորել էր արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *