Հոգեբանը կողմնակի վաստակ ուներ՝ թմրանյութերի դիլեր աշխատելով. Հունաստանում բացահայտվել է կոկաինի և կանեփի վաճառքի անսովոր ցանց

Հունաստանի ոստիկանությունը Ատտիկայում բացահայտել է թմրանյութերի վաճառքի ցանց, որտեղ, ըստ քննության վարկածի, հոգեբանը համատեղում էր իր աշխատանքն արգելված նյութերի մատակարարման հետ, իսկ ենթադրյալ դիլերներից մեկը կոնսպիրացիայի համար օգտագործում էր «ուրվական հեռախոս» և գաղտնի սլենգ, հայտնել է Kathimerini-ն։

Գործողության ընթացքում ձերբակալվել է երեք մարդ, այդ թվում՝ հոգեբանը։ Եվս երկու կասկածյալ հետախուզվում են, ցանցի 18 հնարավոր մասնակիցների ինքնությունը դեռ չի հաստատվել։

Քննության տվյալներով՝ 41-ամյա տղամարդն առնվազն հուլիսից զբաղվել է Ատտիկայի արևմուտքում կանեփի և կոկաինի խոշոր խմբաքանակների պահմամբ, մշակմամբ և տարածմամբ։ Բացի այդ, ենթադրաբար, նա վաճառում էր MDMA, LSD և հաբեր, որոնք ստանում էր հոգեբանի միջոցով։

Տղամարդը թմրանյութերը պահում էր իր տանը՝ Հայդարիում, իսկ պատվերները, ըստ ոստիկանության տվյալների, հաճախորդներին փոխանցում էր առաքիչների միջոցով։ Քննությունը կարծում է, որ հուլիսի սկզբից մինչև օգոստոսի 23-ը նա կատարել է մոտ 90 գործարք՝ ընդհանուր 3,8 հազար եվրոյի չափով։

Կասկածյալին և հոգեբանին ձերբակալել են հինգշաբթի Աթենքում։ Խուզարկության ընթացքում ոստիկանությունն առգրավել է կանեփ, 445 եվրո և բջջային հեռախոս։ Ձերբակալվել է նաև 45-ամյա ենթադրյալ գնորդը։

Իրավապահների տվյալներով՝ ցանցի հաճախորդներից կարող էր լինել նաև հայտնի հույն ֆոլք երգչուհին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *