ԶԼՄ-ներ․ Գերմանիայի կանցլերը պատրաստվում է Ռուսաստանին մեղադրել Լայպցիգում դրոնի գրոհի փորձի մեջ և նոր պատժամիջոցներ սահմանել

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պատրաստվում է պաշտոնապես Ռուսաստանի վրա դնել պատասխանատվությունը Լայպցիգ/Հալլե օդանավակայանի շրջանում դրոնի գրոհի փորձի համար և հայտարարել «լայնածավալ» պատժամիջոցների սահմանման մասին, հաղորդել են Politico-ն և Welt am Sonntag-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ երեք գերմանացի պաշտոնյաների։

Նրանց տվյալներով՝ Բեռլինը դիտարկում է ուղիղ միջոցներ ռուսական կազմակերպությունների դեմ։ Զուգահեռաբար Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում նաև Եվրամիությունը։ Գերմանական միջոցների մասին հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթվա սկզբին՝ Իռլանդիայում ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման հետ միաժամանակ։ Ընդ որում, Մերցը կարող է հայտարարությամբ հանդես գալ նաև ավելի վաղ։

Աղբյուրներից մեկը նշել է, որ Լայպցիգի միջադեպից հետո Բեռլինի համար արդեն բավարար չէ առանձին ռուս դիվանագետների արտաքսումը կամ Բեռլինում Ռուսաստանի տան փակումը։ Հնարավոր պատասխան քայլերի թվում դիտարկվում են պատժամիջոցային ճնշման ուժեղացումը և Ուկրաինա սպառազինությունների մատակարարումների հետագա ընդլայնումը։ Կոնկրետ միջոցները դեռ չեն բացահայտվում։

Միևնույն ժամանակ, դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Գերմանիան մտադիր է պատասխանատվությունը դնել անմիջապես ռուսական իշխանությունների, թե՞ առանձին անձանց վրա։ Աղբյուրները նաև նախազգուշացրել են, որ Բեռլինը պատրաստվում է Մոսկվայի հնարավոր պատասխան քայլերին։

Գրոհի փորձը տեղի է ունեցել Ռուսաստանի և ՆԱՏՕ երկրների միջև լարվածության աճի, ինչպես նաև Եվրոպայում մի շարք միջադեպերի ֆոնին, որոնք արևմտյան պաշտոնյաները կապում են այսպես կոչված հիբրիդային պատերազմի հետ։ Երեքշաբթի Մերցը հայտարարել էր, որ Լայպցիգում տեղի ունեցածը վկայում է «միանգամայն իրական սպառնալիքների» առկայության մասին, և խոստացել, որ հիբրիդային գրոհների կազմակերպիչները «դրա համար կվճարեն»։

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, պատասխանելով Ռուսաստանի հնարավոր մեղադրման մասին հարցին, հայտարարել է, որ կանցլերի գրասենյակը չի զբաղվում շահարկումներով։ Նրա խոսքով՝ Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը կձևավորվի հետաքննության արդյունքների գնահատումից հետո։

Գերմանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ պայթուցիկներով լիցքավորված անօդաչու սարքը կարող էր նախատեսված լինել ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռի դեմ հարձակման համար, որը նաև օգտագործվում է ռազմական տեխնիկայի փոխադրման նպատակով։ The Wall Street Journal-ը, հղում կատարելով ամերիկյան հետախուզության գնահատականներին, գրել էր միջադեպի և Ռուսաստանի միջև ուղիղ կապի մասին։ Մոսկվան հերքում է իր առնչությունը։

Գերմանական երկու աղբյուրներ Մոսկվայի նկատմամբ Բեռլինի ենթադրյալ շրջադարձն անվանել են «Zeitenwende 2.0»՝ զուգահեռ անցկացնելով նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի՝ 2022 թվականին հայտարարած պատմական փոփոխության հետ Գերմանիայի պաշտպանական քաղաքականության մեջ՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։

Ինչպես նշվել է, կառավարության դիրքորոշման փոփոխության վրա ազդել է նաև Բեռլինի մերձակայքում՝ Մյուգելզեե լճից ոչ հեռու անտառում, զենքի թաքստոցի հայտնաբերումը։ Գերմանական հատուկ ծառայություններն այնտեղ հայտնաբերել են երկու կիսաավտոմատ զենք և մեծ քանակությամբ զինամթերք։ Դաշնային դատախազությունը գործը քննում է պետությանը սպառնացող ծանր հանցագործություն նախապատրաստելու կասկածանքով։ Իշխանությունները թաքստոցի և Ռուսաստանի միջև ուղիղ կապ դեռևս չեն պարզել ։

Միևնույն ժամանակ, նոր միջադեպեր են տեղի ունեցել նաև ՆԱՏՕ այլ երկրներում։ Ռումինիայում զինվորականները վնասազերծել են պայթուցիկներով լցված ծովային անօդաչու սարք Սև ծովում, Neptun Deep գազային նախագծից ոչ հեռու, ընդ որում, երկրի նախագահ Նիկուշոր Դանը տեղի ունեցածի համար ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին։ Սլովակիայում ոստիկանությունը կանխել է անօդաչու սարքերի արտադրության ձեռնարկությունում ենթադրյալ հրկիզումը, Էստոնիայի իշխանությունները հետաքննում են Ռուսաստանի հնարավոր առնչությունը պաշտպանական կապալառուի օբյեկտում տեղի ունեցած հրկիզմանը։ Իտալիայում և Բուլղարիայում զինամթերքի արտադրության ձեռնարկություններում տեղի ունեցած պայթյունները նույնպես հետաքննվում են, սակայն ռուսական դիվերսիայի ապացույցներ առայժմ չկան։

Միաժամանակ, Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր լայնածավալ փաթեթ։ Այն նախատեսվում է քննարկել ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը Իռլանդիայում, սեպտեմբերի 1–2-ին։ Դիվանագետների խոսքով՝ ներկայում պատժամիջոցային ցուցակներում ներառելու համար դիտարկվում է մոտ 1 600 դիրք՝ մոտ 800 ֆիզիկական անձ և 800 ռուսական ընկերություն։ Սպասվում է, որ փաթեթը կարող է ընդունվել հոկտեմբերի կեսերին։

Բացի այդ, ԵՄ-ը կրկին քննարկում է սառեցված ռուսական պետական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Սակայն այս հարցը համարվում է ավելի երկարաժամկետ և պահանջում է Բելգիայի համաձայնությունը, որտեղ, Euroclear դեպոզիտարիայում, գտնվում է սառեցված ռուսական պահուստների ամենամեծ մասը։

Եվրոպացի դիվանագետներից մեկը ԵՄ ներկայիս ռազմավարությունը բնութագրել է որպես Ռուսաստանի դեմ «պատժամիջոցների բոլոր հնարավոր ռեժիմները» կիրառելու ձգտում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *