Ընդամենը 40 տարի առաջ նրանց լեգենդ էին համարում. Բրազիլիայի ափերի մոտ վերականգնվել է սապատավոր կետերի պոպուլյացիան

Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ գիտնականները նույնիսկ չգիտեին, որ Բրազիլիայի ափերի մոտ ընդհանրապես սապատավոր կետեր են բնակվում։ Այսօր Հարավային Ատլանտիկայի ջրերը դարձել են դրանց բազմացման գլխավոր վայրերից մեկը, իսկ պոպուլյացիայի թվաքանակը հասել է մոտավորապես 35 հազար առանձնյակի, հայտնում է AFP-ն։

Բաիա նահանգի ափերի մոտ գտնվող բրազիլական Աբրոլյուս արշիպելագը Հարավային Ատլանտիկայում սապատավոր կետերի բազմացման ամենամեծ շրջանն է։ Ամեն տարի այստեղ են գալիս հարյուրավոր կենդանիներ. արուները մրցում են էգերի համար, իսկ էգերը ծնում և կերակրում են ձագերին։

Պոպուլյացիայի վերականգնումը հնարավոր դարձավ 1986 թվականին սահմանված առևտրային կետորսության միջազգային մորատորիումից հետո։ Մեկ տարի անց Բրազիլիան իր տարածքում արգելեց կետորսությունը, իսկ ավելի ուշ Աբրոլյուսի շուրջ կետերի բազմացման շրջանները հայտարարեց պահպանվող տարածք։ 2014 թվականին սապատավոր կետը հանվեց Բրազիլիայի անհետացող տեսակների ցանկից։

Մինչև այդ կենդանիները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էին որսի հետևանքով։ Բրազիլիայի սապատավոր կետերի ինստիտուտի հիմնադիր Էնրիկո Մարկովալդիի վկայությամբ, մոտ 40 տարի առաջ ոչ ոք նույնիսկ չգիտեր, որ այս կետերը բնակվում են երկրի ափերի մոտ։ Երբ նա առաջին անգամ տեսավ դրանցից մեկին, այն քարի տեղ դրեց։

Այժմ գիտնականներն ամեն տարի հետևում են հարյուրավոր կետերի և հավաքում մաշկի ու ճարպային հյուսվածքի նմուշներ։ Դրանք օգտագործում են, մասնավորապես, կենդանիների միջև ազգակցական կապերն ուսումնասիրելու համար։ Այդպես հետազոտողներին հաջողվել է պարզել, որ Աբրոլյուսի մոտ ծնված մի կետ ազգական էր մեկ այլ կետի, որը նկատվել էր Հարավային Ջորջիայի մոտ՝ մոտ 4000 կիլոմետր դեպի հարավ գտնվող կղզու շրջանում։ Սա օգնել է ավելի ճշգրիտ պարզել կենդանիների միգրացիոն ուղիները։

Սապատավոր կետերը կաթնասունների շրջանում կատարում են ամենաերկար միգրացիաներից մի քանիսը։ Հասուն առանձնյակները կարող են հասնել 16 մետր երկարության և կշռել մոտավորապես այնքան, որքան վեց փիղը միասին։

Կենդանիներին հետևելու հարցում գիտնականներին օգնում է պոչի ստորին հատվածի բնորոշ նախշը։ Սպիտակ և մուգ բծերի համադրությունը յուրահատուկ է յուրաքանչյուր կետի համար և փաստորեն նրա «մատնահետք»-ն է ծառայում։

Ավելի վաղ հետազոտողները ստիպված էին ժամերով ձեռքով համեմատել լուսանկարները։ Այժմ այդ աշխատանքը կատարում է Happy Whale արհեստական բանականության համակարգը։ Այն արդեն հնարավորություն է տվել նույնականացնել Բրազիլիայի ափերի մոտ նկատված շուրջ 8300 սապատավոր կետ։

Համակարգի օգնությամբ գիտնականները կատարել են նաև անսովոր բացահայտում. Բրազիլիայում լուսանկարված կետերից մեկին հետագայում հայտնաբերել են այնտեղից ավելի քան 15 հազար կիլոմետր հեռավորության վրա՝ Ավստրալիայի արևելյան ափերի մոտ։ Սա դարձել է մեկ սապատավոր կետի դիտարկումների միջև արձանագրված ռեկորդային հեռավորությունը։

Չնայած պոպուլյացիայի վերականգնմանը՝ կենդանիների համար շարունակում են մնալ լուրջ սպառնալիքներ՝ նավերի հետ բախումները, ձկնորսական ցանցերը և օվկիանոսի տաքացումը։ Ջրի ջերմաստիճանի փոփոխությունը կարող է նվազեցնել կրիլի քանակը, որով սնվում են կետերը։

Հետազոտողները նշում են, որ սապատավոր կետերի վերականգնումը ցույց է տալիս, թե որքան սերտորեն են կապված կենդանիների պոպուլյացիաները Հարավային կիսագնդի տարբեր հատվածներում։ Դեռ վերջերս դրանք գրեթե անհետացած էին թվում, իսկ այժմ հազարավոր կետեր կրկին ամեն տարի վերադառնում են Բրազիլիայի ափեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *