Նորվեգիայի նոր թագավոր Հոկոն VIII-ը գահ բարձրանալուց հետո ազգին հասցեագրված իր առաջին ուղերձում հարգանքի տուրք է մատուցել իր հոր՝ 89 տարեկան հասակում մահացած թագավոր Հարալդ V-ի հիշատակին, հայտնում է BBC News-ը։
«Շնորհակալություն, որ դու այդքան լավ հայր էիր», — ասել է նա՝ չթաքցնելով հուզմունքը։
53-ամյա Հոկոնը հեռուստաուղերձով հանդես է եկել Օսլոյի թագավորական պալատից։ Նրա կողքին դրված սեղանին կային երկու վառված մոմ, սպիտակ վարդեր և հանգուցյալ թագավորի լուսանկարը։
«Հիմա իմ հերթն է», — հայտարարել է Հոկոնը՝ նշելով, որ առջևում իրեն «մեծ առաջադրանք» է սպասում։ Նոր թագավորը խոստացել է «ուշադիր և ներկա» լինել երկրի կյանքում։
Իր ելույթիի մեծ մասը Հոկոնը նվիրել է հորը՝ նրան անվանելով լավ հայր իր և իր քրոջ՝ արքայադուստր Մարթա Լուիզայի համար, ջերմ ու կենսուրախ պապիկ՝ վեց թոռների համար և սիրող ամուսին՝ թագուհի Սոնյայի համար։ Նա նշել է, որ շաբաթ օրը կլրանար իր ծնողների ամուսնության 58-ամյակը։
Ըստ Հոկոնի, Հարալդը բնական հեղինակություն ուներ, որը օգնում էր միավորել ընտանիքը, և միշտ հավատարիմ էր մնում իր արժեքներին ու պարտավորություններին։ Նա նաև հիշեցնում էր հարազատներին, որ յուրաքանչյուր մարդ պետք է գտնի իր սեփական ուղին և հավատարիմ մնա ինքն իրեն։
Խոսելով հազարավոր նորվեգացիների մասին, որոնք թագավորի մահից հետո ծաղիկներով, մոմերով և հիշատակի ուղերձներով հավաքվել էին պալատի մոտ, Հոկոնը նշել է, որ ընդհանուր վիշտը ընտանիքին «մխիթարություն և ուժ» է տալիս։
Նորվեգիայում հայտարարվել է ազգային սուգ։ Հուղարկավորության ամսաթիվը դեռ չի նշանակվել։ Երեքշաբթի Հոկոնը խորհրդարանում հավատարմության երդում կտա երկրին, իսկ ավելի ուշ կմասնակցի օծման արարողությանը, որը Նորվեգիայում փոխարինում է թագադրությանը։
Նոր թագավորին վիճակված է գլխավորել երկիրը թագավորական ընտանիքի համար ոչ հեշտ շրջանում։ Այս տարի դրա շուրջ մի քանի սկանդալ է ծագել, այդ թվում՝ կապված թագուհի Մետտե-Մարիտի որդու՝ Մարիուս Բորգ Հյոյբիի, և Հոկոնի դստեր՝ Մարթա Լուիզայի հետ։ Բացի այդ, թագուհին ինքը վերականգնողական շրջան է անցնում թոքերի փոխպատվաստումից հետո։
Հոկոնը հայտարարել է, որ իր ընտանիքը հատկապես լավ է հասկանում դժվար ժամանակներում միմյանց աջակցելու կարևորությունը։ «Մենք կլինենք միմյանց կողքին թե՛ լավ, թե՛ դժվար օրերին», — ընդգծել է նոր թագավորը։
Թագավոր Հարալդը մինչև իր մահը պահպանել է երկրում բարձր ժողովրդականություն։ Այս տարվա սկզբին Aftenposten թերթի անցկացրած հարցման համաձայն, միապետությանը աջակցություն է հայտնել նորվեգացիների 54%-ը՝ 2024 թվականի 72%-ի դիմաց։ Նորվեգացի փորձագետները, որոնք զբաղվում են թագավորական ընտանիքի հարցերով, կարծում են, որ Հոկոնը, չնայած դժվարություններին, հարգանք է վայելում և ի վիճակի է շարունակել հոր գործը։
Հարալդ V-ը 35 տարի ղեկավարել է Նորվեգիան և համարվել է ժամանակակից միապետ ու «ժողովրդական թագավոր»։ Նա մահացել է ուրբաթ օրը հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում արյան հազվագյուտ հիվանդությունից։