Հայտնի են դարձել Թրամփի «պատմական նավթային գործարքի» մանրամասները. ԱՄՆ-ն բաժին կստանա Վենեսուելայի նավթային բիզնեսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է ամերիկյան պետական միջոցներն ուղղակիորեն ներդնել Վենեսուելայի նավթային ոլորտում այն բանից հետո, երբ երկրի խոշոր էներգետիկ ընկերությունները չսկսեցին այնտեղ ներդրումներ կատարել Վաշինգտոնի ակնկալած արագությամբ, գրում է The Wall Street Journal-ը։

Ուրբաթ օրը հայտարարված համաձայնագիրը նախատեսում է, որ ԱՄՆ կառավարությունը Վենեսուելայում ներդրումներ կատարելու համար ամերիկյան ընկերություններ ներգրավող միջնորդի դերից կվերածվի անմիջական ներդրողի։ Համաձայնագիրը դարձել է Վաշինգտոնի և Կարակասի միջև մի քանի ամիս տևած գաղտնի բանակցությունների արդյունքը։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ԱՄՆ-ն մտադիր է ստանալ 35% պասիվ բաժնեմաս վենեսուելացի գործարար Ալեխանդրո Բետանկուրի North American Blue Energy Partners էներգետիկ ընկերությունում։ Բացի այդ, ամերիկյան կողմը կստանա ընկերության արդյունահանած նավթի 20%-ը ինքնարժեքով գնելու առաջնահերթ իրավունք։

Ներդրումը նախատեսում է կառուցակարգել Պենտագոնի Ռազմավարական կապիտալի վարչությունը։ Աղբյուրների տվյալներով, ամերիկյան կողմը կարող է բաժնեմաս ստանալ հատուկ վարանտների միջոցով, որոնք թույլ են տալիս ձեռք բերել բաժնեմաս ընկերությունում՝ առանց զգալի սկզբնական պետական ծախսերի։

Բետանկուրի ընկերությունը կստանա 17 նավթահանքերի մշակման իրավունք՝ շուրջ 65 մլրդ բարել ընդհանուր պաշարներով։ Ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն, որ դրա արդյունքում նոր կառույցը կդառնա ապացուցված նավթային պաշարների մեծությամբ երկրորդ խոշորագույն կորպորատիվ սեփականատերը Saudi Aramco-ից հետո։

Ամերիկյան նավթային ընկերությունների համար նման սխեման ստեղծում է անսովոր իրավիճակ․ նրանք ստիպված կլինեն մրցել մասնավոր ընկերության հետ, որը ստանում է ԱՄՆ կառավարության աջակցությունը և հասանելիություն ունի Վենեսուելայի նավթի հսկայական պաշարներին։

«Ինչո՞ւ է ԱՄՆ-ն սուբսիդավորում և ստեղծում ամերիկյան նավթային ոլորտի խոշոր մրցակցի», — հայտարարել է Հյուսթոնի համալսարանի էներգետիկայի հարցերով տնտեսագետ Էդ Հիրսը։

Վաշինգտոնը մի քանի ամիս շարունակ փորձում էր համոզել ամերիկյան խոշորագույն նավթային ընկերություններին, այդ թվում՝ ExxonMobil-ին և ConocoPhillips-ին, վերադառնալ վենեսուելական շուկա և արագ վերականգնել արդյունահանումը։ Սակայն ընկերությունները չէին շտապում ներդրումներ կատարել՝ անվտանգության խնդիրների, նավթային ենթակառուցվածքի վիճակի և իրավական ռիսկերի պատճառով։

Ի տարբերություն դրանց, արդեն Վենեսուելայում գործող Chevron-ը պատրաստվում է ընդլայնել իր ներկայությունը։ Այլ ընկերություններ նույնպես դիտարկում են ներդրումային նախագծեր, սակայն բանակցությունները ընթանում են ավելի դանդաղ, քան ակնկալում էր Թրամփի վարչակազմը։

Վենեսուելան, առայժմ ի վիճակի չէ արագ ավելացնել արդյունահանումը։ Երկիրն արդյունահանում է օրական մոտ 1,1 մլն բարել նավթ՝ մոտավորապես այնքան, որքան ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգը։ Քայքայված նավթային ենթակառուցվածքի վերականգնումը կարող է տարիներ տևել, ուստի, վերլուծաբանների գնահատմամբ, գործարքը չի հանգեցնի ԱՄՆ-ում բենզինի գների արագ նվազման, որին, ինչպես խոստացել էր Թրամփը, պետք է հասնել։

ԱՄՆ պետության ուղղակի մասնակցության գաղափարը Վենեսուելայի նավթային ոլորտում նաև իրավական հարցեր է առաջացնում։ Ինչպես նշում է WSJ-ն, համաձայնագիրը կարող է հակասել Վենեսուելայի 1999 թվականի Սահմանադրությանը, ըստ որի՝ նավթային պաշարները պատկանում են պետությանը և չեն կարող վաճառվել։ Քննադատները նաև կասկածի տակ են դնում ներկայիս վենեսուելական իշխանությունների լիազորությունները՝ երկրի նավթային ռեսուրսները տնօրինելու հարցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *