Axios․ ԿՀՎ-ի ղեկավարը Մոսկվա գաղտնի այցի ընթացքում առաջարկել է Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպում անցկացնել

ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա կատարած գաղտնի այցի ընթացքում առաջարկել է անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպում՝ հակամարտության դադարեցմանը հասնելու համար, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ երկու աղբյուրի։

Ռեթքլիֆի այցը Մոսկվա դարձավ նրա առաջին անձնական մասնակցությունը Թրամփի վարչակազմի դիվանագիտական ջանքերին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում բեկում գտնելու նպատակով։

Երեքշաբթի Ռեթքլիֆը հանդիպել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ։ Ուղևորության նպատակներից մեկը պարզելն էր, թե արդյոք ռուսաստանյան հատուկ ծառայությունների ղեկավարները կարող են համոզել Վլադիմիր Պուտինին ԱՄՆ միջնորդությամբ վերադառնալ Ուկրաինայի հետ բանակցություններին։

Ուրբաթ ամերիկացի պաշտոնյաները Զելենսկուն տեղեկացրել են Մոսկվայում Ռեթքլիֆի բանակցությունների և եռակողմ գագաթնաժողով անցկացնելու նրա առաջարկի մասին։ Նման հանդիպման գաղափարը նախկինում արդեն առաջ էր քաշել Թրամփի վարչակազմը․ Զելենսկին աջակցում էր դրան, սակայն Պուտինը ավելի վաղ մերժել էր առաջարկը։

Axios-ի աղբյուրների տվյալներով, Ռեթքլիֆը ռուսաստանյան կողմի հետ քննարկել է նաև խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ԿՀՎ-ի ղեկավարը Բորտնիկովին տվել է ռազմաճակատում իրավիճակի բացասական գնահատական և կոչ արել Մոսկվային համաձայնագիր կնքել մինչև իրավիճակի հետագա վատթարացումը։

Մոսկվայում հանդիպումներից հետո Ռեթքլիֆը եկել է այն եզրակացության, որ Բորտնիկովը կարող է լինել դիվանագիտական ջանքերի կառուցողական մասնակից և օգնել բանակցությունների վերսկսմանը։ ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

Սակայն ուկրաինական իշխանությունները թերահավատորեն են վերաբերվում Ռուսաստանի ղեկավարության մտադրություններին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան հայտարարել է, որ, ուկրաինական հետախուզության տվյալներով, Պուտինը զինվորականներին հանձնարարել է նախապատրաստել հարձակման մի քանի սցենար Ուկրաինայի հյուսիսում, այդ թվում՝ Կիևի և Չեռնիգովի շրջաններում։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Թրամփի վարչակազմի միջնորդությամբ դադարեցվել էին փետրվարի կեսերին՝ Իրանի հետ պատերազմի սկսվելուց հետո։ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները վերջին ամիսներին առանձին հանդիպումներ էին անցկացնում ռուսաստանցի և ուկրաինացի բանակցողների հետ, սակայն էական առաջընթացի հասնել չէր հաջողվել։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել արդեն սեպտեմբերին։

Ուրբաթ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «Ռուսաստանի հետ զրույցի անհրաժեշտ տոնի» համար և հայտարարել, որ Թրամփի վարչակազմը առաջ է մղում իրատեսական պատկերացում այն մասին, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել և ինչ արդյունքների հասնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *