ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի հետ պատերազմի առաջին օրերին արված համաշխարհային տնտեսության համար ամենամռայլ կանխատեսումները չեն արդարացել, գրում է Associated Press-ը։
Չնայած նավթի գների աճին, մատակարարումների խափանումներին և առանձին ոլորտներին հասցված հարվածին՝ հակամարտության սկսվելուց վեց ամիս անց համաշխարհային տնտեսությունը ավելի կայուն է գտնվել, քան սպասվում էր։
«Առայժմ համաշխարհային տնտեսությունը կատարել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմից մի տեսարանի ֆինանսական համարժեքը», — հայտարարել է Cerity Partners-ի ներդրումային ռազմավար Մայքլ Էշլի Շուլմանը։
Պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին և սկզբում առաջացրել է ֆոնդային շուկաների կտրուկ անկում։ Նավթի գները աճել են, իսկ Dow Jones և Nasdaq ինդեքսները մտել են շտկման գոտի։ S&P 500-ը ապրել է 2022 թվականից ի վեր ամենավատ ամիսը։
Սակայն մարտի վերջից շուկաները կտրուկ վերականգնվել են։ Dow Jones-ը աճել է գրեթե 19%-ով, S&P 500-ը՝ մոտ 22%-ով, իսկ Nasdaq-ը՝ 27%-ով։ Եթե միտումը պահպանվի մինչև տարվա վերջ, երեք հիմնական ինդեքսներն էլ կարող են արձանագրել աճ արդեն չորրորդ տարին անընդմեջ։
Միջազգային արժույթի հիմնադրամի գնահատմամբ, պատերազմի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա մասամբ փոխհատուցվում է արհեստական բանականության շարունակվող բումով։
Հակամարտության գլխավոր տնտեսական հետևանքը դարձել է նավթի գների աճը։ Հորմուզի նեղուցով տանկերների երթևեկության կտրուկ կրճատման պատճառով Brent-ի արժեքը մեկ բարելի համար մոտ 72 դոլարից բարձրացել է մինչև գրեթե 120 դոլար։ Այնուհետև գները նվազել են, սակայն դեռևս մոտ 20%-ով բարձր են մինչպատերազմյան մակարդակից։
Վառելիքի թանկացումը հատկապես ուժեղ հարված է հասցրել ավիացիային։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալներով, 2026 թվականին ավիացիոն վառելիքը միջինում կարժենա 70%-ով ավելի թանկ, քան մեկ տարի առաջ։ Ավիաընկերությունները բարձրացնում են տոմսերի գները, ավելացնում ուղեբեռի վճարները և սահմանում վառելիքային հավելավճարներ՝ միաժամանակ կրճատելով չվերթների քանակը։ Օրինակ, Lufthansa Group-ը չեղարկել է 20 հազար կարճ չվերթ։
Միևնույն ժամանակ էներգետիկ ճգնաժամը անսպասելիորեն արագացրել է անցումը մաքուր էներգետիկայի։ Մի շարք երկրներում էլեկտրամոբիլների վաճառքը կտրուկ աճել է. Սինգապուրում՝ տարեկան հաշվարկով 110%-ով, Նոր Զելանդիայում՝ 180%-ով, իսկ Կոլումբիայում՝ 300%-ով։
Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսմամբ, 2026 թվականին էլեկտրամոբիլները կկազմեն համաշխարհային ավտոմեքենաների վաճառքի մոտ 29%-ը՝ նախորդ տարվա 25%-ի դիմաց։ Պատերազմի ֆոնին երկրները, հատկապես նրանք, որոնք առավել կախված են Պարսից ծոցի նավթից, նաև ավելի ակտիվ են զարգացնում վերականգնվող և ատոմային էներգետիկան, իսկ Աֆրիկայի պետությունները մեծացնում են նավթի ներքին վերամշակումը և տեղադրում ավելի շատ արևային վահանակներ։
Սակայն պատերազմի հետևանքները բաշխվել են ծայրահեղ անհավասարաչափ։ Ապահովված սպառողների համար գների աճը կարող է համեմատաբար աննշան լինել, մինչդեռ ամենաաղքատ երկրների համար հետևանքները դառնում են շատ ավելի ծանր։
Պատերազմը հարվածել է պարարտանյութերի համաշխարհային շուկային։ Ապրիլին դրանց արժեքը, Համաշխարհային բանկի ինդեքսի համաձայն, 44%-ով ավելի բարձր էր, քան մինչպատերազմյան մակարդակում։ Որոշ ֆերմերներ արդեն սկսել են կրճատել պարարտանյութերի օգտագործումը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ հաջորդ տարվա բերքատվության վրա։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել է, որ տասնյակ միլիոնավոր մարդիկ կարող են հայտնվել սովի եզրին։ Վառելիքի արժեքի աճը միաժամանակ մեծացնում է պարենի և հումանիտար օգնության փոխադրման ծախսերը։
«Հորմուզի նեղուցում խարիսխ գցած մեկ նավթային տանկերը կարող է նշանակել, որ Սուդանում մի երեխա օրական մեկ անգամով պակաս կսնվի», — հայտարարել է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի ղեկավարի պաշտոնակատար Կարլ Սկաուն։
Պատերազմն արդեն ԱՄՆ-ին արժեցել է տասնյակ միլիարդավոր դոլարներ և հանգեցրել է Իրանում հազարավոր զոհերի։ Բացի այդ, ըստ գնահատականների, հակամարտությունը հարյուր միլիարդավոր դոլարներով կրճատել է համաշխարհային տնտեսության կանխատեսվող ծավալը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ կապված որոշ ընկերություններ և ներդրողներ հայտնվել են նրանց թվում, ովքեր պատերազմից տնտեսական օգուտ են ստացել։
Ռազմական կապալառու Powerus-ը, որը Էրիկ Թրամփը և Դոնալդ Թրամփ կրտսերը պատրաստում են բորսա դուրս բերել, ստացել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի մինչև 90 մլն դոլարի պայմանագիր՝ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար նախատեսված որսիչների մատակարարման համար։
1789 Capital Management ներդրումային ընկերությունը, որին միացել է Դոնալդ Թրամփ կրտսերը, բաժնեմասեր ունի մի քանի պաշտպանական ընկերություններում, որոնք շահել են հակամարտությունից։ Դրանց թվում են Anduril-ը, Իլոն Մասկի SpaceX-ը և Firehawk Defense-ը։
Նախագահ Թրամփի անձնական ներդրումները, որոնք կառավարում են անկախ մենեջերներ, նույնպես ներառում են ամերիկյան խոշոր պաշտպանական, այդ թվում՝ Lockheed Martin, General Dynamics և Northrop Grumman ընկերությունների բաժնետոմսերը։ Դեմոկրատները հայտարարել են, որ նավթագազային ընկերություններում նրա ներդրումների արժեքն աճել է 15,5 մլն դոլարով։
Սպիտակ տանը մերժել են շահերի բախման մեղադրանքները՝ հայտարարելով, որ նախագահը գործում է բացառապես ամերիկյան հանրության շահերից ելնելով։
Միևնույն ժամանակ տնտեսական կայունությունը դեռ չի նշանակում, որ անձամբ Թրամփի համար հետևանքներ չկան։ Պատերազմը հավանության չի արժանանում և կարող է ազդել նախագահի դիրքերի վրա ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից առաջ։