Մեծ Բրիտանիայի քաղաքացուհին զոհվել է Հարավային Գերմանիայի Ռոզենհայմ քաղաքում գտնվող երկաթուղային կայարանում տեղի ունեցած դանակային հարձակումից հետո, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Բավարիայի ոստիկանությանը։
31-ամյա կնոջ վրա հարձակվել են կիրակի օրը տեղական ժամանակով մոտավորապես 01:00-ին։ Ծանր վնասվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն տուժածին փրկել չի հաջողվել։
Դեպքի վայրում ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայի 27-ամյա քաղաքացու։ Հարձակման հանգամանքներն ու դրա շարժառիթը դեռ պարզվում են։ Անհայտ է նաև, թե արդյոք զոհվածն ու կասկածյալը ճանաչում էին միմյանց։
Իրավապահները կոչ են արել ականատեսներին, որոնք շաբաթ ուշ երեկոյան կամ կիրակի վաղ առավոտյան կայարանում կարող էին տեսնել վեճ կամ ֆիզիկական բախում, դիմել ոստիկանություն։
Գերմանական dpa գործակալության տվյալներով, Ֆյուրստենֆելդբրուկ շրջանից ձերբակալվածը կիրակի պետք է կանգնի դատավորի առջև։
Ռոզենհայմը Վերին Բավարիայի խոշորագույն քաղաքներից մեկն է և կարևոր երկաթուղային հանգույց Ավստրիա տանող երթուղիներում, այդ թվում՝ դեպի Վիեննա, Զալցբուրգ և Ինսբրուք։ Այս օրերին քաղաքում անցկացվում է Rosenheimer Herbstfest տոնը, որը հիշեցնում է հանրահայտ մյունխենյան Օկտոբերֆեստը։