Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Ստամբուլում

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ներկայացուցիչները Ստամբուլում կանցկացնեն Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի շրջանակում ստեղծված կոմիտեի առաջին նիստը, հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։

Բանակցություններին սպասվում է երեք երկրների արտաքին քաղաքական և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև գլխավոր շտաբների պետերի մասնակցությունը։ Հիմնական թեմաները կլինեն միջազգային անվտանգությունն ու պաշտպանական համագործակցության խորացումը։

Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են օգոստոսի 7-ին Մեքքայում։ Փաստաթուղթը նախատեսում է ռազմական ոլորտում ավելի սերտ համակարգում և սահմանում է այն սկզբունքը, համաձայն որի՝ երեք երկրներից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր երեքի դեմ։

Անկարան հայտարարել էր, որ համաձայնագրի շրջանակում կստեղծվեն համակարգման մեխանիզմներ, ներառյալ համատեղ ռազմական զորավարժությունների անցկացումն ու պաշտպանական ձեռնարկությունների համագործակցությունը։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը համաձայնագիրը համեմատել էր Հյուսիսատլանտյան դաշինքի հինգերորդ հոդվածի հետ, որը նախատեսում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հավաքական պաշտպանությունը։ Միևնույն ժամանակ, Պակիստանում ընդգծում են, որ պայմանագիրն ունի բացառապես պաշտպանական բնույթ և ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ։

Ստամբուլում կայանալիք նիստը կդառնա երեք պետությունների առաջին գործնական քայլը՝ համաձայնագրի ստորագրումից հետո մշտական ռազմական փոխգործակցության մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *