ԱՄՆ-ն 10 օրում ավելի քան 100 մարդու արտաքսել է Աֆրիկայի ութ երկիր

Դոնալդ Թրամփի վարչակազմը տասը օրվա ընթացքում Աֆղանստանից, Կուբայից, Նիկարագուայից և այլ երկրներից ավելի քան 100 մարդու արտաքսել է Աֆրիկայի ութ պետություն, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության ներքին փաստաթղթերին։

Փաստաթղթերի համաձայն, ԱՄՆ Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (ICE) երեք արտաքսման չվերթ տասնյակ արտաքսված միգրանտների տեղափոխել է Բուրունդի, Կամերուն, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էսվատինի, Լիբերիա, Ռուանդա և Սիեռա Լեոնե։

Արտաքսվածներից ոչ մեկն այն երկրի քաղաքացին չէր, ուր նրան ուղարկել էին։ Նրանց թվում կային Աֆղանստանի, Կուբայի, Նիկարագուայի, Իրանի, Նեպալի, Թուրքիայի և Վենեսուելայի քաղաքացիներ, ինչպես նաև աֆրիկյան այլ պետությունների քաղաքացիներ։

Այսպիսով Թրամփի վարչակազմը ընդլայնում է, այսպես կոչված, երրորդ երկրներ արտաքսելու պրակտիկան, այսինքն՝ մի պետություն, որի հետ արտաքսվող մարդը կապ չունի։ CBS News-ի տվյալներով, աշխարհի ավելի քան 30 երկիր համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվածներին։ Դրանց թվում կան նաև Լատինական Ամերիկայի պետություններ, այդ թվում՝ Կոստա Ռիկան, Պանաման և Պարագվայը, սակայն վերջին շրջանում Վաշինգտոնը նմանատիպ ավելի ու ավելի շատ համաձայնագրեր է կնքում աֆրիկյան երկրների հետ։

Միևնույն ժամանակ նման համաձայնագրերի պայմանները հաճախ մնում են փակ։ Որոշ պետություններ, օրինակ՝ Գանան և Սիեռա Լեոնեն, համաձայնել են ընդունել հիմնականում աֆրիկյան այլ երկրների քաղաքացիների, մինչդեռ Էսվատինի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն և Լիբերիա ուղարկվել են Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և Ասիայից մարդիկ։

Արտաքսվածների թվում կան դատվածություն ունեցող մարդիկ, սակայն շատերը քրեական անցյալ չունեն և ձերբակալվել են բացառապես ԱՄՆ ներգաղթի օրենսդրությունը խախտելու պատճառով։

Երեք չվերթներից վերջինը միգրանտներին հասցրել է Սիեռա Լեոնե և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն։ ԱՄՆ Պետդեպարտամենտը ԿԱՀ-ը դասում է ամերիկացի քաղաքացիների համար առավելագույն վտանգի մակարդակ ունեցող երկրների շարքին և խորհուրդ է տալիս չայցելել այն՝ զինված հակամարտության և բռնության բարձր մակարդակի պատճառով։

ԿԱՀ ուղարկվածների թվում եղել է նաև Աֆղանստանի 24-ամյա մի քաղաքացի, որը հայտնի է Խալիլ անունով։ Նրա փաստաբանն ու եղբայրն ասել են, որ նրա ընտանիքը Աֆղանստանի պատերազմի ընթացքում օգնել է ամերիկացի զինվորականներին։ 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ ներգաղթի դատարանը նրան պաշտպանություն էր տրամադրել Աֆղանստան արտաքսումից, քանի որ դատավորը եզրակացրել էր, որ այնտեղ նա կարող է ենթարկվել հետապնդման։

Սակայն տրամադրված պաշտպանությունը չէր արգելում Խալիլին ուղարկել երրորդ երկիր։ Վերջին շրջանում Թրամփի վարչակազմն ավելի ու ավելի հաճախ է օգտվում այդ հնարավորությունից՝ արտաքսելու այն մարդկանց, որոնց ամերիկյան դատարանները հայրենիք վերադարձից սահմանափակ պաշտպանություն են տրամադրել։

Խալիլի փաստաբանը հայտարարել է, որ իր վստահորդին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն ուղարկելը սպառնալիք է ստեղծում նրա անվտանգության համար։ ԱՄՆ ծովային հետևակի նախկին զինծառայողը, որը ծառայել է Խալիլի եղբոր հետ միասին Աֆղանստանում, նույնպես մտահոգություն է հայտնել, որ հայրենիք վերադառնալու դեպքում նա կարող է սպանվել թալիբների կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *