Ռուսաստանին որպես դաշնակից չճանաչելը Հայաստանի կողմից ՌԴ-ի հետ ձեռք ձեռքի տված աշխատելու իր դժկամությունն արդարացնելու փորձ է․ EADaily-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության և երկրի ներքին գործերին միջամտության կանխարգելման հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը։
ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում Ռուսաստանն այլևս չի նշված որպես ռազմավարական դաշնակից։ Այս հայտարարությունը, ըստ Ջաբարովի, փորձ է արդարացնելու «ԵՄ-ի հետ կասկածելի կապերի ամրապնդումը և հետագայում ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը, ինչը զգալի վնասներ կպատճառի Հայաստանի տնտեսությանը»։
Ըստ Ջաբարովի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չի պաշտպանել Արցախը և հատուկ օգնություն չի խնդրել ՀԱՊԿ-ից։
Ավելին, Արցախը չի ճանաչվել որպես Հայաստանի մաս Երևանի կողմից։ Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը որևէ իրավական հիմք չուներ միջամտելու համար։
«Սա կարևոր է, քանի որ միջազգային իրավունքի և ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կազմակերպությունը նախատեսված է անդամ պետություններին արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար։ Եթե տարածքն իրավաբանորեն չի պատկանում անդամ պետությանը, ապա այն չի կարող «պաշտպանվել» այս մեխանիզմի շրջանակում», – ընդգծել է Ջաբարովը։
Նրա կարծիքով՝ վաղաժամ է քննարկել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը՝ չնայած Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դերի վերաբերյալ Երևանի վերջին հայտարարություններին։
«Հայաստանն ինքնիշխան պետություն է, բայց կան կանոններ կազմակերպություններ մուտք գործելու և դուրս գալու համար։ Ոչ ոք դուրս չի հանի Հայաստանին ՀԱՊԿ-ից առանց պաշտոնական հարցման», – հայտարարել է սենատորը։
РИА Новости-ն գրում է, որ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալն ամենամեծ ազդեցությունը կունենա երկրի ալկոհոլի, ծաղիկների և ձկան արտահանման վրա, քանի որ տեղական արտադրողները կկորցնեն իրենց ամենամեծ շուկան՝ Ռուսաստանը։
Գործակալության վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը Ռուսաստան է արտահանել թունդ ալկոհոլ, որի բաժինն այս կատեգորիայի ընդհանուր արտահանման գրեթե 86%-ն է։ Հայաստանը Ռուսաստան է արտահանել 12.2 միլիոն դոլար արժողությամբ ծաղիկներ, որը կազմում է ընդհանուր արտահանման 88%-ը։ Ձկան արտահանումը հասել է 17.6 միլիոն դոլարի (98%), սուրճի՝ 11.6 միլիոն դոլարի (89%), իսկ սև մետաղների, հիմնականում ֆեռոհամահալվածքների և հարթ գլանվածքի արտահանումը՝ 8.8 միլիոն դոլարի (31%)։
Հայաստանից Ռուսաստան արտահանվող 10 խոշորագույն ապրանքներից են նաև օրթոպեդիկ արտադրանքը՝ 27.1 միլիոն դոլար (99.9%), կոշիկը՝ 14.7 միլիոն դոլար (96%), շոկոլադը և շոկոլադե արտադրանքը՝ 5.9 միլիոն դոլար (70%), իսկ հանքային և գազավորված ջուրը՝ հավելանյութերով, 5.6 միլիոն դոլար (89%)։