Գրանդ Կանյոնում ջրհեղեղից հետո մոտ 15 մարդ անհետ կորած է, տասնյակ մարդիկ տարհանվել են

ԱՄՆ-ի Գրանդ Կանյոն ազգային պարկում հանկարծակի վարարումից հետո մոտ 15 մարդ անհետ կորել է, հայտնում է CBS News-ը։

Ջրի հոսքը Կոլորադո գետ է քշել խոշոր ժայռաբեկորներ, մետաղական կառուցվածքներ և տարբեր տեսակի աղբ, ինչը հանգեցրել է զգալի ավերածությունների։

Իշխանությունները կոչ են արել բոլոր նրանց, ովքեր տեղեկություն ունեն շաբաթ օրը ցերեկը Բրայթ Էնջել կիրճում և Ֆանթոմ Ռանչի շրջանում գտնվող զբոսաշրջիկների մասին, այդ տեղեկությունը փոխանցել պարկի վարչակազմին։

Ավելի վաղ զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում ունեցող տարածքից տարհանվել է առնվազն 62 մարդ։ Ազգային պարկերի ծառայության տվյալներով՝ Բրայթ Էնջել առվի վրայի գրեթե բոլոր հետիոտնային կամուրջները ավերվել են, ինչի պատճառով հոսքը անցնելու հնարավորությունը վերացել է։

Ազգային օդերևութաբանական ծառայության գնահատմամբ՝ բարձրությունների կտրուկ տարբերություն ունեցող այդ շրջանում կես ժամվա ընթացքում տեղացել է կեսից մինչև մեկ դյույմ տեղումներ, որոնց մեծ մասը արագորեն հոսել է ներքև՝ ուժեղացնելով հոսքը։

Իշխանությունները նաև հայտնել են, որ վարարումը վնասել է ներքին կիրճի ենթակառուցվածքները, այդ թվում՝ ջրատարը, որը պարկը ապահովում է ջրով։

Գրանդ Կանյոնը ԱՄՆ-ի ազգային պարկերի շրջանում այցելությունների թվով զբաղեցնում է չորրորդ տեղը․ 2025 թվականին այն այցելել է 4,43 մլն մարդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *