Իսլանդիան «ոչ» է ասում ԵՄ-ին․ ինչո՞ւ


Օգոստոսի 29-ին անցկացված հանրաքվեում Իսլանդացիների մեծ մասը դեմ է արտահայտվել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելուն։ Ընդհանուր առմամբ, հանրաքվեին մասնակցությունը բավականին բարձր է եղել՝  82.5%, ինչը վկայում է, որ հարցը մեծ հետաքրքրություն է առաջացրել իսլանդացիների շրջանում։ Անցկացված հանրաքվեում «ոչ» է քվեարկել ընտրողների 52.8%-ը, իսկ «այո»՝ 47.2%-ը։ 

Կարևոր է նշել, որ հանրաքվեի հարցը անմիջականորեն ԵՄ-ին անդամակցելու մասին չէր։ Իսլանդացիները որոշում էին՝ վերսկսե՞լ արդյոք Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները։ Եթե պատասխանն «այո» լիներ, դրանից հետո դեռ պետք է բանակցություններ անցկացվեին, իսկ հնարավոր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կարող էր դրվել նոր հանրաքվեի։

Հիշեցնենք, որ Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2009 թվականին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո։ Բանակցությունները սկսվել էին, սակայն 2013 թվականին դրանք դադարեցվել էին։ Այդ ժամանակից ի վեր անդամակցության հարցը պարբերաբար վերադառնում էր երկրի քաղաքական օրակարգ, բայց վերջնական որոշում չէր կայացվում։

Ինչո՞ւ է հարցը կրկին օրակարգում

Վերջին տարիներին Իսլանդիայում կրկին ակտիվացել է ԵՄ-ին անդամակցության հարցի շուրջ քննարկումները։ Երկրում քննարկվում էին տնտեսական խնդիրները, միջազգային առևտրի փոփոխությունները և Արկտիկայում աճող աշխարհաքաղաքական լարվածությունը։ ԵՄ անդամակցության կողմնակիցները պնդում էին, որ բանակցությունների վերսկսումը կարող է Իսլանդիային ավելի մեծ տնտեսական կայունություն տալ։

Նրանց համար կարևոր հարցերից էր նաև երկրի արժույթը․ Իսլանդիան օգտագործում է սեփական՝ իսլանդական կրոնը, մինչդեռ ԵՄ անդամակցությունը երկարաժամկետ հեռանկարում կարող էր քննարկում առաջացնել եվրոյի անցնելու շուրջ։ ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսման  կողմնակիցները նաև կարծում էին, որ Եվրոպայի հետ ավելի սերտ քաղաքական և տնտեսական կապը կարող է օգտակար լինել այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը արագ փոխվում է։ Սակայն «ոչ»-ի կողմնակիցների համար կար մեկ առանձնահատուկ կարևոր հարց՝ ձկնորսությունը։

Ինչ կապ ունի ձկնորսությունը  հանրաքվեի հետ

Ձկնորսությունը Իսլանդիայի տնտեսության կարևոր ոլորտներից է։ Այն ապահովում է երկրի արտահանման եկամուտների մոտ 40%-ը և համարժեք է ՀՆԱ-ի շուրջ 15%-ին։ Այդ պատճառով իսլանդացիների համար ձկնորսական ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու ազգային նշանակություն ունի։ ԵՄ անդամակցության դեմ արտահայտվողները մտավախություն ունեին, որ անդամակցության դեպքում Իսլանդիան ստիպված կլինի ենթարկվել Եվրամիության ընդհանուր ձկնորսական քաղաքականությանը և կորցնել իր ներկայիս վերահսկողության մի մասը ձկնորսական պաշարների ու որսի քվոտաների նկատմամբ։

Իսկ Իսլանդիան արդեն ունի Եվրոպայի հետ սերտ տնտեսական կապեր՝ առանց ԵՄ անդամ լինելու։ Երկիրը Եվրոպական տնտեսական տարածքի անդամ է, ինչի շնորհիվ մասնակցում է ԵՄ միասնական շուկային։ Իսլանդիան նաև Շենգենյան գոտու մաս է։ Այսինքն՝ ԵՄ անդամ չլինելով՝ այն մի շարք ոլորտներում արդեն ինտեգրված է եվրոպական համակարգին։

Հենց սա էլ «ոչ»-ի կողմնակիցների հիմնական փաստարկներից մեկն էր․ եթե Իսլանդիան արդեն ունի եվրոպական շուկայի հասանելիություն և ազատ տեղաշարժի հնարավորություններ, ապա ինչո՞ւ պետք է անդամակցի ԵՄ-ին և դրա դիմաց որոշ ոլորտներում զիջի վերահսկողությունը։

Հանրաքվեի արդյունքը ցույց տվեց, որ իսլանդացիներն այս հարցում միանշանակ դիրքորոշում չունեն։ «Այո»-ի և «ոչ»-ի միջև տարբերությունը կազմել է ընդամենը 5.6 տոկոսային կետ։ Իսլանդիայի վարչապետ Կրիսթրուն Ֆրոստադոուտիրը, որը աջակցում էր բանակցությունների վերսկսմանը, հայտարարել է, որ կառավարությունը հարգելու է ընտրողների որոշումը։

Փաստորեն, Իսլանդիան առայժմ չի վերադառնա ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների սեղան։ Միաժամանակ, հանրաքվեն չի նշանակում, որ երկիրը խզում է կապերը Եվրամիության հետ․ Իսլանդիան շարունակում է մնալ Եվրոպական տնտեսական տարածքի և Շենգենյան գոտու անդամ։ Իսլանդիայի դեպքը հետաքրքիր է նրանով, որ երկիրը շարունակում է սերտ տնտեսական և ազատ տեղաշարժի կապեր ունենալ Եվրոպայի հետ՝ միաժամանակ մնալով ԵՄ-ից դուրս և պահպանելով իր ձկնորսական քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը։

Կարևոր է արձանագրել, որ Իսլանդիան առաջին երկիրը չէ, որի քաղաքացիները հանրաքվեով դեմ են արտահայտվել Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին։ Ամենահայտնի օրինակներից է Նորվեգիան, որը 1972 և 1994 թվականներին երկու անգամ հանրաքվե է անցկացրել և երկու դեպքում էլ ընտրողների մեծ մասը դեմ է եղել ԵՄ-ին անդամակցելուն։ Շվեյցարիան հանրաքվեներով մերժել է ԵՄ-ին ավելի սերտ ինտեգրվելու որոշ առաջարկներ, իսկ Մեծ Բրիտանիան 2016 թվականին որոշել է դուրս գալ արդեն անդամակցած Եվրամիությունից։

Այսպիսով, Իսլանդիայի վերջին հանրաքվեն եվրոպական պատմության մեջ նորից ցույց տվեց, որ ԵՄ-ի հետ սերտ տնտեսական կապերը պարտադիր չեն նշանակում անդամակցություն․ որոշ երկրներ նախընտրում են պահպանել այդ կապերի մի մասը՝ միաժամանակ չմիանալով Եվրամիությանը։

Արմեն Խեչումյան



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *