

Ապրիլի 1-ից դադարեցվել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործումը պլանային վերանորոգման նպատակով։ Պլանային աշխատանքները կտևեն 5 ամիս։ Այս ընթացքում նախատեսվում է էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի արտադության բացը լրացնել արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի հաշվին։
«Եթե հաշվի առնենք, որ 2026թ. ընթացքում, շահագործման ժամկետի երկարացման ծրագրով պայմանավորված, Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից 5 ամսով դուրս է եկել շահագործումից, ամենայն հավանականությամբ, 2026թ. մեր արևային կայանները արտադրած կլինեն այնքան էներգիա, որքան Մեծամորի ատոմակայանը», – ապրիլի 2-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ավելի վաղ՝ մարտ ամսին նախարար Խուդաթյանը Ֆեյսբուքյան իր եթերով հայտնել էր, որ 2025թ․ ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է ընկնում արևային կայաններին:
«Հայաստանի էներգետիկ համակարգին այս պահին միացված են ավելի քան 1150 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ: Սա 2030թ․ համար նախատեսված ցուցանիշից ավելի է շուրջ 150 ՄՎտ-ով, և այս թիվը շարունակաբար աճում է»,- ասել է նա։
Ապրիլ 07, 2026 at 13:24