Իսրայելը Հունաստանի համար 3 մլրդ եվրոյով կստեղծի բազմաշերտ ՀՕՊ համակարգ

Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում Իսրայելը Հունաստանի համար կստեղծի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգ, հաղորդել է Reuters-ը։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սա Իսրայելի պատմության մեջ Հունաստան ռազմական արտադրանքի արտահանման ամենախոշոր գործարքն է և երկրի պատմության մեջ ամենախոշորներից մեկը։

Համաձայնագրի շրջանակում Իսրայելը Հունաստան կմատակարարի Rafael Advanced Defense Systems ընկերության արտադրության David’s Sling և SPYDER համակարգեր, ինչպես նաև Israel Aerospace Industries-ի արտադրության BARAK MX համակարգ, IAI ELTA Systems ստորաբաժանման կողմից արտադրվող օդային հսկողության համար նախատեսված բազմաֆունկցիոնալ MMR ռադարներ։

Հունաստանը պաշտպանության վրա ծախսում է իր համախառն ներքին արդյունքի գրեթե 3,5 տոկոսը, ինչը ՆԱՏՕ բազմաթիվ դաշնակիցների համեմատ ավելի բարձր մասնաբաժին է՝ հարևան Թուրքիայի հետ վաղեմի վեճի պատճառով։

Աթենքը նախատեսում է մինչև 2036 թվականը շուրջ 28 միլիարդ եվրո ծախսել «Աքիլլեսի վահան» բազմաշերտ հակաբալիստիկ, զենիթահրթիռային և հակադրոնային պաշտպանության համակարգ ստեղծելու համար, ինչպես նաև ԱՄՆ-ից գնել մինչև 40 F-35 կործանիչ և ֆրեգատներ՝ Ֆրանսիայից և Իտալիայից։

Երկուշաբթի ձեռք բերված համաձայնության համաձայն՝ Հունաստանը նաև կստանա նոր ազգային հրամանատարության և կառավարման համակարգ՝ երկրի հակաօդային պաշտպանության հնարավորությունների ինտեգրման համար։

26 միլիոն եվրո արժողությամբ լրացուցիչ համաձայնագրի շրջանակում Իսրայելը Հունաստան կմատակարարի Drone Dome համակարգեր՝ ռազմավարական օբյեկտներն անօդաչուներից պաշտպանելու և առկա պաշտպանությունն ուժեղացնելու համար։

Իսրայելը նաև կընդլայնի համագործակցությունը Հունաստանի հետ ռազմարդյունաբերական ոլորտում՝ ներառյալ տեխնոլոգիաների և գիտելիքների փոխանցումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *