UATE Expo–ի ավելի քան 763 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի/ԱՌԿԱ/ «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն (UATE) մուտք է գործում կապիտալի շուկա՝ ընկերության պարտատոմսերը ցուցակելով Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX), հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Ներդրողները  օգոստոսի 31-ից  հնարավորություն ունեն մասնակցելու «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ 

«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 763,750,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Ցուցակվել են 10․000 հատ պարտատոմս՝ 76,375 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ 

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի հունվարի 26-ից մայիսի 19-ը ընկած ժամանակահատվածում՝ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի միջոցով։

Պարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավվող միջոցներն ընկերությունը նախատեսում է օգտագործել ֆինանսական կայունության ապահովման, պարտքային բեռի օպտիմալացման, ինչպես նաև եկամուտների աղբյուրների ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *