Արցախի հարցը փակված չէ. Րաֆֆի Հովհաննիսյան

Արցախի հարցը փակված չէ և չի կարող լինել. այդ իրավունքը մեզնից խլել ոչ մեկը չի կարող, ինչ ազգություն էլ լինի, ինչ իշխանական պաշտոն առայժմ գրաված լինի, սա անբեկանելի, անժամանցելի, անօտարելի իրավունք է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Սա հայրենիքում ապրելու իրավունքն է, և մենք պարտավոր ենք դա համակարգված, հետևողական, խելացի բանական հետապնդել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ուրացման սերմերը, որ դրսից պարտադրված են մեզ, ծիլ առնեն մեր երկրում, դա ուղղակի գործարար և քանդիչ կլինի։ Իսկ սեպտեմբեր 2–ը բերեց սեպտեմբեր 21, և մենք այլևս թույլ պիտի չտանք, որ մեր պետականության օրերին մենք վկա լինենք և տեղ-տեղ նաև մասնակից և ոմանց համար մեղսակից նորանոր ցեղասպանությունների և հայրենազրկումների։ Այսօրվա դասը դա է»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Փաշինյանը կործանարար է համարում Արցախի մասին խոսելը՝ նշելով, որ դա հակասում է խաղաղության օրակարգին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ինքը և իր մոտեցումները, իր մտասևերումները միասին դարձել են գործարար մեր պետականության, մեր ազգային ոգու և նաև մեր արդի ժամանակակից երկիր դառնալու հեռանկարի համար։ Այդ անհատները չեն, որ պիտի սահմանեն այսօրվա իմաստը, խորհուրդը, ցավը և նաև հանձնարարությունը, որ հետ պիտի բերենք մեր իրավունքը։ Կործանարարը հենց այդ մոտեցումն է։ Այո, եղել են սխալներ, մեծ սխալներ, մենք ենք թույլ տվել մեր թուլացումը և թշնամու ուժեղացումը 30 տարվա ընթացքում, բայց առաջին հերթին այդ պատասխանատվությունը ընկնում է վերջին 7-8 տարվա գերագույն գլխավոր հրամանատարության վրա։ Ուժ չունեն չունեն պատասխանատվություն վերցնել, ներողություն խնդրել, ասել, որ ես եմ նաև մեղավոր։ Դա բնավորության հարց է, բայց իրենք էլ կդառնան անցյալ և պետք է մենք պատրաստ լինենք, երբ որ իրենք դառնան անցյալ, որ մենք ունենանք երկիր, որ գործանված չէ, նվաստացած չէ, ծնկի եկած չէ։ Այսօր նաև այդ հույսի այդ հավատամքի հարցն է, կկարողանանք վերակերտել մեր մեջ այդ իրավատիրությունը, որը հայկականության և հայաստանակենտրոն քաղաքականության հիմքը պետք է դառնա»։

Նա համաձայն չէ Հայաստանը կոչել երրորդ կամ չորրորդ հանրապետություն. «Մենք ունենք մեկ հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն, որը բոլոր դարաշրջաններում մեկն է, մեկը մյուսի շարունակությունն է իր ամբողջականության մեջ, իսկ եթե որևէ մեկը ուզում է ենթարկել մեր հանրապետությունը շարքային համարակալումների, ուրեմն իրենց ասած «չորրորդը» դա ոչ թե հանրապետություն է, ոչ էլ վիլայեթ է, այլ Հայաստան սանջակն է օտար կայսրության մեջ։ Եթե իրենց իշխանությունը շարունակվի, կդառնա սանջակ, իսկ մեր հայրենիքը հավերժական է և այս հանրապետությունը բոլոր եղանակներով պիտի պահենք, պահպանենք և այլևս թույլ չտանք, որ ներսից կամ դրսից քայքայեն մեզ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *