«Իրականում դրական կողմերը քիչ չեն». Պուտինը՝ Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման, ՀԱՊԿ-ի հետ ՀՀ հարաբերությունների մասին

«Չեմ ուզում փորփրել ոչ վաղ անցյալը, բայց ամեն ինչ սկսվեց Ղարաբաղի
խնդրից»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ Բիշքեկում պատասխանելով
լրագրողների հարցերին։

Նա կրկին հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակը փոխվել է այն
բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը այդ տարածաշրջանը ճանաչել է Ադրբեջանի մաս։

«Հայաստանի ղեկավարությունը, անձամբ վարչապետը Պրահայում ստորագրել
է համապատասխան փաստաթուղթը և ճանաչել, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս։ Այդ
պահից սկսած մեր դիրքորոշումն այս հարցում ձեռք բերեց երկակի բնույթ։ Մենք ի՞նչ է,
կարող ենք խառնվել կամ պե՞տք է խառնվենք Ադրբեջանի ներքին գործերին»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը
հիշեցրել է, որ բոլոր արևմտյան երկրները նույնպես ճանաչել են Ղարաբաղը Ադրբեջանի
մաս: Նրա խոսքով՝ հայկական կողմը հույս ուներ, թե կարող է ապահովել այնտեղ ապրող
հայ բնակչության իրավունքներն ու շահերը։

«Չնայած
նախագահ Ալիևը ոչ մի վատ բան չէր անի այս մարդկանց հետ: Նա ժամանակակից, ինտելիգենտ
մարդ է, նա կձգտեր 100%-ով ապահովել նրանց շահերը, բայց նրանք, միևնույն է, չէին
մնա այնտեղ: Այդպես էլ եղավ»,- հայտարարել է Պուտինը:

Անդրադառնալով
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ
վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազմակերպությունից ակնկալում էր սահմանի որոշակի
հատվածների պաշտպանություն։ Սակայն, Պուտինի խոսքով, ՀԱՊԿ անդամ երկրները նշել են
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանի մասին համաձայնագրի
բացակայությունը։

«Ադրբեջանը
համարում է, որ սահմանն անցնում է մեկ հատվածով, Հայաստանը՝ մեկ այլ հատվածով։ Իսկ
ո՞ւր է համաձայնագիրը։ Ոչինչ չկա։ Եվ ինչպե՞ս մենք կառուցենք այս
հարաբերությունները։ Այնքան շատ հարցեր կան, որոնք իսկապես պահանջում են
փորձագիտական
​​​​գնահատական»,- ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի
նախագահը նշել է, որ իրադարձությունների այսպիսի զարգացման և Հայաստանի
ղեկավարության հայտնի որոշման մեջ կան նաև դրական կողմեր
։

«Մենք
կարող ենք էջը շրջել և առաջ շարժվել։ Արդեն առանց այս հակամարտությունների
մարդկանց վերաբնակեցնել նոր վայրերում, ապաշրջափակել ենթակառուցվածքները, նոր
կյանք սկսել տնտեսության մեջ, բացել սահմանները ներդրումների համար և այլն։
Իրականում դրական կողմերը քիչ չեն»,- հայտարարել է Պուտինը։

Պուտինը
նաև հայտնել է, որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա և մտադիր է նրա հետ մանրամասն
քննարկել Հայաստանի ապագան Եվրասիական տնտեսական միությունում։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *