Ինչպե՞ս են փոխվել հայկական գյուղմթերքի արտահանման ծավալները մեկ տարում. ծիրանի արտահանման «աննախադեպ անկումը»

2026 թվականի հուլիսին մի շարք առանցքային գյուղմթերքների արտահանման ծավալներում գրանցվել է էական նվազում, թեև առանձին ապրանքատեսակների մասով արձանագրվել է արտահանման աճ: Այս մասին պարզ է դառնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից տրամադրված տվյալներն ուսումնասիրելիս:

Մասնավորապես, BanksNews.am-ը ՍԱՏՄ հարցում էր ուղարկել, որի նպատակն էր պարզել, թե ընթացիկ տարվա հուլիս ամսին ինչպիսին են եղել Հայաստանից պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանման իրական ծավալները, և ինչ դինամիկա է արձանագրվել վերջին տարում:

Banksnews.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՍԱՏՄ-ը տրամադրել է 2025 և 2026 թվականների հուլիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար տրված թույլտվական փաստաթղթերում առկա ծաղկի և պտուղ-բանջարեղենի ծավալների վերաբերյալ պաշտոնական տվյալները:

Ծիրանն ու լոլիկը զգալիորեն զիջել են դիրքերը, իսկ կեռասն ու նեկտարինն աճել են

Հայկական գյուղմթերքի «ոսկե» բարիքի` ծիրանի արտահանման ծավալը 2026թ․ հուլիսին կազմել է մոտ 7,380 տոննա (7,380,086.5 կգ)՝ 2025թ. մոտ 19,260 տոննայի (19,259,790.2 կգ) համեմատ։

  • Արտահանումը նվազել է ավելի քան 2.6 անգամ։

Զգալի նվազում է արձանագրվել նաև լոլիկի արտահանման ծավալներում․ եթե 2025թ․ հուլիսին արտահանվել էր շուրջ 3,309 տոննա (3,309,090.85 կգ), ապա 2026թ․ նույն ամսին այդ ցուցանիշը նվազել է մինչև 1,442 տոննա (1,442,534 կգ)։

Էականորեն կրճատվել են նաև`

  • սալորի (2,736 տոննայից հասնելով 460 տոննայի),
  • խնձորի (39.7 տոննայից՝ 3.9 տոննայի),
  • թզի (88.9 տոննայից՝ 47.7 տոննայի) և
  • կանաչու (211 տոննայից՝ 5.1 տոննայի) արտահանման ծավալները:

Ի՞նչն է աճել․

  • Կեռաս․ 2026թ․ հուլիսին արտահանվել է ավելի քան 2,033 տոննա (2,033,679 կգ)՝ 2025թ․ հուլիսի 1,743 տոննայի (1,743,386 կգ) համեմատ։
  • Նեկտարին․ Ավելի քան կրկնապատկվել է՝ 2025թ․ 341.3 տոննայից հասնելով 721.7 տոննայի (721,742.6 կգ)։
  • Դեղձ․ Արձանագրել է թեթև աճ՝ 2025թ․ 1,017.8 տոննայից հասնելով 1,080.6 տոննայի (1,080,605 կգ)։
  • Սոխ․ Եթե 2025թ․ հուլիսին ՍԱՏՄ թույլտվական փաստաթղթերով սոխ չէր արտահանվել, ապա 2026թ․ հուլիսին արտահանումը կազմել է շուրջ 1,605 տոննա (1,604,786 կգ)։

Որոշ ապրանքատեսակների արտահանումը հասել է զրոյի

Տվյալների համաձայն՝ 2026թ․ հուլիսին ընդհանրապես չեն արտահանվել այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են`

  • բողկը (2025թ․՝ 90.6 տոննա),
  • գազարը (2025թ․՝ 104.5 տոննա),
  • թզադեղձը (2025թ․՝ 41.2 տոննա),
  • սմբուկը (2025թ․՝ 324.7 տոննա) ջ
  • կարտոֆիլը (2025թ․՝ 42.8 տոննա)։

Ծաղկի արտահանումը կիսով չափ կրճատվել է

Հատված ծաղիկների արտահանման ծավալները ևս նվազման միտում են արձանագրել։ 2025թ․ հուլիսի 6,533,575 հատի համեմատ՝ 2026թ․ նույն ժամանակահատվածում արտահանվել է 32 71,811 հատ ծաղիկ (կրճատումը՝ շուրջ 50%):

Արտահանման ծավալների համեմատական աղյուսակ (հուլիսի 1-30)

Ապրանքի նկարագիր 2025թ. (հուլիս) 2026թ. (հուլիս) Չափման միավոր
Ծիրան 19,259,790.2 7,380,086.5 կգ
Լոլիկ 3,309,090.85 1,442,534 կգ
Սալոր 2,736,159.92 459,936.5 կգ
Պղպեղ 2,356,861.09 1,901,222.9 կգ
Կեռաս 1,743,386 2,033,679 կգ
Դեղձ 1,017,884.82 1,080,605 կգ
Նեկտարին 341,308.18 721,742.6 կգ
Սոխ 0 1,604,786 կգ
Ելակ 259,295 201,684 կգ
Կանաչի 211,074 5,147 կգ
Գազար 104,540 0 կգ
Բողկ 90,625 0 կգ
Թուզ 88,915 47,742 կգ
Խնձոր 39,718 3,898 կգ
Ծաղիկ 6,533,575 3,271,811 հատ

Իսկ թե «ո՞ր երկրներ են արտահանվել նշված ապրանքներն ու ինչ համամասնությամբ», Banksnews-ի հարցման այս կետի մասով ՍԱՏՄ ներկայացրած նիշքում  որևէ պատասխան ներառված չէ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *