102-րդ բազայի դուրսբերումը Երևանի համար անվտանգային գին կարժենա, Մոսկվա այցից դրական սպասում չկա. քաղաքագետ

Հայաստանի և Ռուսաստանի միջև հիմնական հակասությունները Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումով ոչ միայն չեն լուծվել, այլև նոր հարցեր են ավելացել։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի գնահատմամբ՝ ամենացավոտ թեման շարունակում է մնալ Հայաստանի եվրոպական ուղղությունը, իսկ դրան զուգահեռ օրակարգ է մտել նաև Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը։

«կարծում եմ՝ ամենից կարևոր հարցը, որ այդպես էլ բաց մնաց, Եվրամիություն անդամակցության հարցն է։ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումից էլ պարզ դարձավ, որ այդ հարցն այս պահին հնարավոր չէ լուծել, և այդ հարցի հետ կապված կողմերը տարբեր դիրքորոշումներ և տարբեր մոտեցումներ ունեն։ Հետո փակ հանդիպումից հետո որոշակի մանրամասներ հայտնի դարձան, և պարզվեց, որ կարևոր հարցերից մեկը նաև 102-րդ բազայի Հայաստանում մնալու կամ դուրս բերման հարցն է։ Այնպես որ հարցերն ավելի շատ են, և այս հանդիպումը ոչ միայն չլուծեց հարցերը, այլև ավելացրեց դրանք»,- նշում է միջազգայնագետը։

Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չունի, ըստ Բալասանյանի, Մոսկվայի համար բավարար պատասխան չէ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Երևանից արդեն ավելի հստակ դիրքորոշում է ակնկալում։

«Եթե բավարար համարվեր, ապա հարցը այսպես չէր շարունակվի, քննարկումը չէր ընդլայնվի, ավելին՝ ցավոտ հարցեր առաջ չէին բերվի։ Բնականաբար, դա չի բավարարում Մոսկվային, և ուղղակի հայտարարություններով, կարծում եմ, այս անգամ հնարավոր չի լինելու հարաբերությունների վատացումից խուսափել։ Ստիպված պետք է լինենք որոշում կայացնել։ Այդ պահը, երբ ասում էին, որ երբ կգա որոշում կայացնելու ժամանակը, Հայաստանը կհայտարարի դիրքորոշման մասին, կարծում եմ՝ արդեն եկել է։ Ավելին՝ ժամանակը շատ արագ է սպառվում, և Հայաստանը այդքան շատ ժամանակ չունի ձգելու և պատասխան չտալու համար»,- ընդգծում է փորձագետը:

Բալասանյանի խոսքով՝ Պուտինի ուղերձը բավական հստակ էր․ Մոսկվան Երևանին հասկացնում է, որ եվրոպական ուղղությամբ առաջ շարժվելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում երկար ժամանակ երկիմաստություն պահել չի ստացվի։

«Հայաստանի ընտրության պահը մոտենում է, և այդ ընտրությունը պետք է ինչ-որ պահի կատարվի։ Այսինքն՝ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները ես հենց այդ համատեքստում եմ դիտարկում»,- ասել է Բալասանյանը։

Եթե Երևանը շարունակի ԵՄ ուղղությամբ շարժը, Բալասանյանը չի բացառում, որ  Ռուսաստանի կողմից հակաքայլեր կլինեն։ Նրա գնահատմամբ՝ Մոսկվայի հնարավոր արձագանքը կարող է ընդգրկել ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգային ոլորտները։

«Հակաքայլերը շատ-շատ են՝ սկսած էներգակիրներից, վերջացրած ուղևորափոխադրումներով, տուրիստների հոսքով։ Գաղտնիք չէ, որ տուրիստական հոսքերի մոտ 70 տոկոսը ապահովում է Ռուսաստանի քաղաքացիների հաշվին։ Կարող են որոշակի սահմանափակումներ մտցվել դրա հետ կապված, և վերջացրած ուղղակի անվտանգային խնդիրներով։ Առաջինը արդեն Ռուսաստանի նախագահն այսպես անոնս արեց, և խոսքը 102-րդ բազայի դուրսբերման մասին է»,- ասել է Բալասանյանը:

102-րդ ռազմաբազայի հարցը, ըստ միջազգայնագետւ, միայն ռազմական ներկայության հարց չէ։ Նրա գնահատմամբ՝ դրա հնարավոր դուրսբերումը Հայաստանի համար կարող է վերածվել նաև ֆինանսական և սահմանային անվտանգության լրացուցիչ բեռի։

«102-րդ բազայի դուրսբերմամբ Հայաստանը ստիպված է լինելու ինքը վճարել սահմանի ապահովության և անվտանգության ապահովման համար։ Այն սահմանապահները, որոնք դուրս են բերվելու, նրանց փոխարեն հայ սահմանապահն է կանգնելու։ Դա նշանակում է լրացուցիչ թվաքանակ, լրացուցիչ տնտեսական բեռ բյուջեի վրա, անվտանգային որոշակի խնդիրների առաջացում»,- ասել է փորձագետը։

Իսկ առաջիկա Մոսկվա այցը, ըստ միջազգայնագետի, կարող է արդեն ավելի կոշտ օրակարգ ունենալ։ Բիշքեկում հնչած հայտարարություններից հետո Մոսկվայում կողմերը, նրա գնահատմամբ, ստիպված են լինելու ոչ թե ընդհանուր ձևակերպումներ, այլ ավելի կոնկրետ պատասխաններ տալ։

«Մոսկվայի հանդիպմանը կոշտ հարցեր են քննարկվելու, և հարցերի լուծումը ավելի արմատական է դրվելու Հայաստանի առջև։ Ես կարծում եմ՝ ոչ մի գաղտնիք չկա սրանում։ Եվ այս հանդիպումից ես դրական փոփոխություն, ցավոք սրտի, չեմ սպասում»,- եզրափակել է Բալասանյանը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *