Նյու Յորքում երկու դանակով զինված մի կին հարձակվել է Թայմս սքուերում անցորդների վրա: Հարձակման ժամանակ սպանվել է Bank of America-ի փոխնախագահ Էրին Պիաչենտին․ գրում է wsj.com-ը։
Ոստիկանության տվյալներով՝ սպանության համար կասկածվողը 49-ամյա Պամելա Սիսներոսն է: Նա նախ մոտեցել է Ռոդ Այլենդից 68-ամյա զբոսաշրջիկի՝ հարվածելով նրա որովայնին: Տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կայուն վիճակում: Այնուհետև Սիսներոսը հարձակվել է Պիաչենտիի վրա՝ նրան ևս դանակահարելով: Պիաչենտին ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
Հարձակումների ականատեսները զանգահարել են ոստիկանություն։ Հանցագործն ասել է, որ «կնախընտրեր սպանել երկուսին էլ», և շարժվել է դեպի ոստիկանները: Նրանք կրակ են բացել՝ վիրավորելով Սիսներոսին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Հանցագործության դրդապատճառներն անհայտ են: Ոստիկանության կոմիսարի խոսքով՝ հարձակվողը նախկինում քրեական անցյալ չի ունեցել, չնայած դեպարտամենտի գրառումներում 2018 և 2019 թվականներին գրանցվել է հոգեկան հիվանդության հետ կապված երկու միջադեպ: