Մերկելը նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման գաղափարը աբսուրդային է անվանել

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Բուխարեստում իր հուշագրությունների շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը ԳԴՀ-ի նոր նախագահի պաշտոնում՝ նման առաջարկը համարելով աբսուրդային, հաղորդում է Agerpres գործակալությունը։

«Ինչ վերաբերում է դաշնային նախագահի պաշտոնին… Սա աբսուրդ է։ Ես չեմ ուզում դրանով զբաղվել։ Ես 30 տարի եղել եմ քաղաքականության մեջ, 16 տարի՝ դաշնային կանցլեր։ Դա ինձ շատ էր դուր գալիս, թեև աշխատանքը շատ ծանր էր, շատ բարդ։ Ինձ դուր էր գալիս, բայց հիմա ես շատ երջանիկ եմ, որ կյանքում կարող եմ զբաղվել այլ բաներով», – Մերկելի խոսքերն է մեջբերում ռումինական գործակալությունը՝ ի պատասխան այն հարցի, առաջարկե՞լ են արդյոք նրան դառնալ հաջորդ դաշնային նախագահը։

Նախկին կանցլերի խոսքով՝ կյանքում կան շատ այլ հրաշալի բաներ, որոնցով կարելի է զբաղվել։

Հունվարին կայանալիք ընտրությունների նախաշեմին Մերկելը գլխավորել է ԳԴՀ-ի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների ցանկը, հետևում է RTL և ntv հեռուստաալիքների համար Forsa ինստիտուտի անցկացրած հարցումից, որն անցկացվել է օգոստոսի 5-ին և 6-ին 1000 հարցվողների շրջանում։ Ըստ դրա՝ գերմանացիների կարծիքները Մերկելի թեկնածության վերաբերյալ կիսվել են. հարցվածների 47%-ը նրան համարում է համապատասխան թեկնածու, 48%-ը՝ ոչ համապատասխան։

Գերմանիայի հաջորդ նախագահի ընտրությունը նշանակված է 2027 թվականի հունվարի 30-ին։ Դաշնային նախագահը Գերմանիայում բարձրագույն պետական պաշտոնն է։ 2017 թվականից ԳԴՀ-ի նախագահն է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը (ՍԴԿԿ)։ Պետության ղեկավարին ընտրում է այդ նպատակով հատուկ գումարվող Դաշնային ժողովը, որը կազմված է բունդեսթագի պատգամավորներից և դաշնային հողերի ներկայացուցիչներից։ Լիազորությունների ժամկետը հինգ տարի է, վերընտրությունը թույլատրվում է միայն մեկ անգամ։ Պետության առաջին դեմքը հիմնականում կատարում է ներկայացուցչական գործառույթներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *