ԵՄ-ն ազատականացնում է առևտուրը Հայաստանի հետ. որո՞նք են պայմանները

ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Եվրահանձնաժողովի նախաձեռնությանը՝ երկու տարով ժամանակավորապես ազատականացնել Հայաստանի հետ առևտուրը՝ նշելով, որ իր կողմից Երևանը չպետք է սահմանափակի եվրոպական ապրանքների մուտքը իր շուկա։ Այս և այլ պայմաններ նշված են ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։

«Արտոնյալ վերաբերմունքը կկիրառվի այն պայմանով, որ Հայաստանը պահպանի ապրանքների ծագման գործող կանոնները, մասնակցի ԵՄ-ի հետ վարչական համագործակցությանը, զերծ մնա ԵՄ-ից ներմուծման նոր առևտրային սահմանափակումներ մտցնելուց և հարգի ԵՄ-ի և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմնական դրույթները, ներառյալ ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները», – ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ Խորհուրդը հիշեցրել է, որ միջոցառումները կընդգրկեն Հայաստանից ԵՄ արտահանման մոտ 80%-ը։Հուլիսի սկզբին հայտարարված Եվրոպական հանձնաժողովի առաջարկը հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից առանց փոփոխությունների. փաստաթուղթն այժմ սպասում է Եվրախորհրդարանի հաստատմանը սեպտեմբերին, որից հետո կանոնակարգը կընդունվի։

Կանոնակարգը, ըստ հայտարարության, ժամանակավորապես չեղարկում է ներմուծման մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ սակագնային քվոտաների ենթակա որոշակի գյուղատնտեսական ապրանքների համար: Միջոցառումներն ուժի մեջ կլինեն երկու տարի և կընդգրկեն թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99%-ը և խմիչքների ու ոգելից խմիչքների ավելի քան 91%-ը: Փաստաթուղթը նախատեսված է աջակցելու Հայաստանին Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումներ սահմանելուց հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *