Գերմանիայում հարձակվել են Մյունխենում գտնվող «Ռոդե և Շվարց» (Rohde & Schwarz) տեխնոլոգիական և պաշտպանական կոնցեռնի գլխավոր գրասենյակի վրա։ Այդ մասին հայտնել է գերմանական Bild թերթը։
Պարբերականի տվյալներով՝ գիշերը ընկերության շինհրապարակի տարածք հրկիզիչ արկեր են նետել։ Ոստիկանություն զանգահարած ականատեսը հայտնել է, որ տեսել է, թե ինչպես անհայտ անձինք ավտոմեքենայից դուրս են նետել հրկիզիչ սարքեր։
Հրդեհի օջախներից մեկը բռնկվել է ընկերության գլխավոր գրասենյակի դիմաց գտնվող շինարարական կոնտեյներների հատվածում։ Հրդեհը կարճ ժամանակ անց հաջողվել է մարել։ Երկրորդ արկը վնասազերծվել է մինչև բռնկվելը։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են 28-ամյա կին և 38-ամյա տղամարդ։ Հայտնի է, որ երկուսն էլ Բուլղարիայի քաղաքացիներ են։ Դեպքը իրավապահ մարմինները դիտարկում են որպես ահաբեկչական գործողություն։
«Ռոդե և Շվարց»-ը միջազգային էլեկտրատեխնիկական ընկերությունների խումբ է, որը մասնագիտացած է էլեկտրոնային փորձարկման սարքավորումների, հեռարձակման և զանգվածային լրատվամիջոցների, կիբեռանվտանգության, ռադիոմոնիթորինգի և ռադիոլոկացիայի ոլորտներում։ Մյունխենյան կոնցեռնը, մասնավորապես, մշակում և արտադրում է անվտանգ ռադիո- և կապի համակարգեր Բունդեսվերի համար։