Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ՀՀ նախագահը՝ Պրահայում

Հայաստանի և Չեխիայի հարաբերությունների զարգացման կարևոր հենասյուներից մեկը ընդհանուր հավատարմությունն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։  

Ինչպես Պրահայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որին Պրահայի ամրոցում նախորդել էին Հայաստանի և Չեխիայի նախագահների դեմ առ դեմ և ընդլայնված կազմերով հանդիպումները։

«Ավելի քան երեք տասնամյակ միջպետական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների հիման վրա։ Պետք է ընդգծեմ, որ Հայաստանի և Չեխիայի հարաբերությունների զարգացման կարևոր հենասյուներից մեկը ընդհանուր հավատարմությունն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Այսօր Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ փոխշահավետ համագործակցությունն ունի զարգացման զգալի ներուժ»,- ասել է Խաչատուրյանը։

ՀՀ նախագահը հավելել է, որ Չեխիայի նախագահի հետ Պրահայում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել են երկկողմ հարաբերությունների լայն օրակարգին՝ քաղաքական երկխոսությունից և տնտեսական համագործակցությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ, կրթություն, գիտություն, մշակույթ, զբոսաշրջություն և  միջմարդկային կապերի ակտիվացում։

«Եվրոպական ուղղությունը մեր քննարկումների առանցքային բաղադրիչներից էր։ Չեխիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում նրա աջակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու երկու երկրի ժողովրդավարական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ հարաբերությունների առավել խորացմամբ և պատրաստ է շարունակել այդ ուղղությամբ հետևողական աշխատանքը։ Այս գործընթացում Չեխիայի փորձն ու աջակցությունը մեզ համար էական նշանակություն ունեն»,- նշել է ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ առանձնահատուկ կարևորում են վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսությունը։

«Ակնկալում ենք, որ գործընթացը կշարունակվի արդյունավետ և կառուցողական կերպով՝ նպաստելով Հայաստանի քաղաքացիների շարժունակության ընդլայնմանը և երկու հասարակությունների միջև կապերի ամրապնդմանը»,- ասել է նա։

Հաշվի առնելով հայկական արտադրատեսակների արտահանման խոչընդոտները նախկին ավանդական շուկաներ՝ ՀՀ նախագահը խնդրել է Չեխիայի նախագահի աջակցությունը դեպի Չեխիա հայկական արտադրանքի խթանման կապակցությամբ։

«Այսօրվա քննարկումների կարևոր ուղղություններից էր նաև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնումը։ Այս առումով կարևոր հարթակ է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովը: Մեր նպատակը ոչ միայն առևտրի ծավալների մեծացումն է, այլև համագործակցության որակական ընդլայնումը՝ համատեղ արտադրության, ներդրումային ծրագրերի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր նախաձեռնությունների միջոցով։

Ցանկանում ենք ընդլայնել փոխադարձ առևտուրը և խթանել չեխական ներդրումները Հայաստանում, և այսօր անդրադարձ կատարեցինք էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հեռանկարներին՝ երկուստեք կարևորելով գործարար համայնքների միջև կանոնավոր շփումները»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *