Յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխայի համար ոչ թե ուղղակի լավ դպրոց, այլ մի միջավայր, որտեղ դեռահասը նախ և առաջ կսովորի ինքնուրույն մտածել և վստահ նայել ապագային: Միևնույն ժամանակ, իսկապես էլիտար կրթությունը շարունակում է հասանելի մնալ միայն քչերին: 2026 թվականի գնահատումներով՝ աշխարհի լավագույն դպրոցների ուսման վարձը սկսվում է տարեկան 40,000 եվրոյից: Իսկ կացության, թռիչքների և լրացուցիչ ծախսերի հետ միասին գումարը հեշտությամբ գերազանցում է 100,000 եվրոն: Հետևաբար, ընտանիքների մեծ մասի համար էլիտար դպրոցի ընտրությունը գիտակցված ներդրում է և ամենևին էլ էժան հաճույք չէ:
Ի՞նչն է այսօր կոչվում «էլիտար դպրոց»
Բացի հնչեղ անունից և հայտնի շրջանավարտների ցանկից, դպրոցն էլիտար է դարձնում միջավայրն ու ուսուցման հատուկ մոտեցումը: Նման հաստատությունները զարգացնում են դեռահասի մտածողությունը, ձևավորում փափուկ հմտություններ, ապահովում ակադեմիական խորություն և նախապատրաստում Cambridge-ի, Oxford-ի ու Ivy League-ի մակարդակի համալսարաններին:
- «Child-centered» մոտեցում (երեխայակենտրոն)․ Դեռահասին չեն «հարմարեցնում» գոյություն ունեցող ծրագրին, այլ ուսուցումը կառուցում են նրա ուժեղ կողմերի շուրջ:
- Կոգնիտիվ խորություն․ Դպրոցը սովորեցնում է ոչ թե անգիր անել ու վերարտադրել գիտելիքը, այլ վերլուծել, հիմնավորել սեփական դիրքորոշումը և եզրահանգումներ անել:
- «Holistic education» (ամբողջական/համալիր կրթություն)․ Ինտելեկտի, էմոցիոնալ կայունության և սոցիալական հմտությունների զարգացումը՝ որպես մեկ միասնական համակարգ: Դեռահասը դեռ ավագ դպրոցում հասկանում է իր ուժեղ կողմերը, նպատակներ է դնում և գիտակցաբար ընտրում համալսարանը:
Իսկապես, հենց նման դպրոցներն են կայուն կերպով գլխավորում միջազգային վարկանիշները (Spear’s Schools Index, Forbes, Carfax) և մյուսներից ավելի հաճախ են իրենց շրջանավարտներին հասցնում Cambridge, Oxford, Harvard, Yale և Princeton:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հարվարդից մինչև Օքսֆորդ. որքա՞ն արժե ուսումն աշխարհի լավագույն համալսարաններում
Աշխարհի 3 առաջատար էլիտար դպրոցները
1. Eton College (Մեծ Բրիտանիա) — Էլիտար կրթության էտալոնը
Հիմնադրվել է 1440 թվականին Հենրի VI թագավորի կողմից և արդեն մոտ վեց դար շարունակում է մնալ աշխարհի լավագույն դպրոցների առաջատարներից մեկը: Այստեղ սովորում է 13-18 տարեկան շուրջ 1,300 տղա՝ բոլորը կացարանային (կացությամբ/կլոր տարին դպրոցում ապրելու) կանոնակարգով, ինչը ձևավորում է ամբողջական կրթական և դաստիարակչական միջավայր:
Աշակերտների հետ աշխատում են միջազգային մակարդակի մանկավարժներ և թյուտորներ, որոնցից շատերը Oxford-ի, Cambridge-ի և աշխարհի առաջատար բուհերի շրջանավարտներ են: Ուսուցումն ընթանում է փոքր ակադեմիական խմբերում, որտեղ յուրաքանչյուր աշակերտ պարտավոր է մտածել, ձևակերպել իր դիրքորոշումը և պաշտպանել այն բանավեճերում: Մեծ ուշադրություն է դարձվում էսսեներին և սկզբնաղբյուրների հետ աշխատանքին:
- Հայտնի շրջանավարտներ․ Մեծ Բրիտանիայի վարչապետներ (այդ թվում՝ Բորիս Ջոնսոնը), արքայազն Ուիլյամը, գրողներ Ջորջ Օրուելը և Իեն Ֆլեմինգը:
- Արժեքը (2026թ․)․ Սկսվում է տարեկան £63,000-ից (ֆունտ ստերլինգ):
2. Institut Le Rosey (Շվեյցարիա) — Աշխարհի ամենաթանկ և փակ դպրոցը
Աշխարհի ամենաստատուսային դպրոցներից մեկը, որը տեղակայված է Ժնևի լճի ափին (իսկ ձմեռային կամպուսը՝ Գշտաադում): Հիմնադրվել է 1880 թվականին և ավելի քան մեկ դար ասոցացվում է համաշխարհային էլիտայի՝ պետությունների ղեկավարների, թագավորական ընտանիքների և միջազգային առաջնորդների կրթության հետ:
Դպրոցում գործում է ազգային քվոտաների խիստ սկզբունք՝ ոչ ավելի, քան 10% աշակերտ մեկ ազգությունից, ինչի շնորհիվ դեռահասներն ամենօրյա ռեժիմով սովորում են ապրել և աշխատել բազմալեզու ու բազմամշակութային համայնքում:
- Հայտնի շրջանավարտներ․ Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը, Մոնակոյի իշխան Ռենյե III-ը, բազմաթիվ դիվանագետներ ու քաղաքական գործիչներ:
- Արժեքը (2026թ․)․ Ամբողջական փաթեթը (ուսում, կացություն, սնունդ և անհրաժեշտ բոլոր ծախսերը) տարեկան կազմում է 160,000 շվեյցարական ֆրանկ մեկ երեխայի համար:
3. Phillips Exeter Academy (Նյու Հեմփշիր, ԱՄՆ) — Ակադեմիական հսկան
ԱՄՆ-ի ակադեմիական առումով ամենաուժեղ դպրոցը հիմնադրվել է 1781 թվականին Էքսետեր քաղաքում: Այսօր այստեղ սովորում է 15-18 տարեկան շուրջ 1100 դեռահաս՝ համալսարանականին առավելագույնս մոտեցված միջավայրում:
Exeter-ի առանցքային առանձնահատկությունը «Harkness» (Հարկնեսի) մոտեցումն է․ դասերն ընթանում են կլոր տեղանի շուրջ, որտեղ 10-12 աշակերտ և ուսուցիչը վարում են ինտելեկտուալ բանավեճ: Յուրաքանչյուրը պարտավոր է ձևակերպել իր տեսակետը, փաստարկել և լսել մյուսներին: Սա զարգացնում է քննադատական մտածողությունը, վստահությունը և անորոշության հետ աշխատելու հմտությունը, որոնք անմիջականորեն պահանջված են Harvard-ում, Yale-ում, Princeton-ում և այլ բուհերում:
- Հայտնի շրջանավարտներ․ Մարկ Ցուկերբերգ (Meta-ի հիմնադիրը):
- Արժեքը (2026թ․)․ Արժեքը սկսվում է տարեկան $70,000-ից: Դպրոցում լայնորեն տարածված է դրամաշնորհների (գրանտների) և կրթաթոշակների համակարգը․ աշակերտների մինչև 45%-ն օգտվում է նման ծրագրերից:
Ի՞նչն է իսկապես կարևոր էլիտար դպրոց ընտրելիս
Աշխարհի առաջատար դպրոցների փորձը ցույց է տալիս, որ էլիտար դպրոցի հեղինակությունը ձևավորվում է առաջին հերթին աշակերտի մտածողության և անհատականության զարգացման մոտեցմամբ: Ուժեղ դպրոցը կրթությունը կառուցում է երեխայի հետաքրքրությունների շուրջ, զարգացնում է վերլուծական մտածողությունը և էմոցիոնալ կայունությունը, սովորեցնում է աշխատել ծանրաբեռնվածության հետ և ինքնուրույն կառավարել կրթական ուղին:
Արդյունքում՝ երեխան ձեռք է բերում հասունություն, պատասխանատվություն և միջազգային համատեքստում սեփական կրթական ու կարիերայի ուղին ինքնուրույն կառուցելու հմտություն: Նա սովորում է նպատակներ դնել, որոշումներ կայացնել, հասկանալ սեփական ընտրության հետևանքները և կողմնորոշվել տարբեր երկրների համալսարանների ու պրոֆեսիոնալ ոլորտների պահանջներում: