Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Մեծ Բրիտանիան, ի նշան Գերմանիայի հետ համերաշխության, կանչել են Ռուսաստանի դեսպանատների ներկայացուցիչներին այն բանից հետո, երբ Բեռլինը Մոսկվային մեղադրել է Լայպցիգի օդանավակայանի վրա հիբրիդային հարձակում գործելու մեջ։ Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն։
Ավելի վաղ նմանատիպ քայլեր էին ձեռնարկել ԵՄ մի շարք երկրներ, ինչպես նաև Եվրոպական միությունը, Ֆրանսիան, Բելգիան և Նիդերլանդները։
Այսպիսով՝ Լայպցիգի միջադեպի առնչությամբ ռուս դիվանագետներին կանչել են եվրոպական առնվազն յոթ երկրներում, ինչպես նաև ԵՄ կառույցներում։
Լիտվայի ԱԳՆ-ն կանչել է ռուսական դեսպանատան ներկայացուցչին և երկու բողոքագիր հանձնել նրան։ Առաջինը վերաբերում էր Լայպցիգի միջադեպին, իսկ երկրորդը՝ Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների վրա Ռուսաստանի շարունակվող հարձակումներին։
Վիլնյուսը հիշեցրել է, որ սեպտեմբերի 1-ին Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ ռուսական հարվածների հետևանքով 12 խաղաղ բնակիչ է զոհվել։ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները և դուրս բերել զորքերը նրա միջազգայնորեն ճանաչված տարածքից։
«Զսպման միասնական քաղաքականությունը և Ուկրաինային աջակցելու վճռականությունը թուլացնելու Ռուսաստանի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման», — հայտարարել են Լիտվայի ԱԳՆ-ում։
Լատվիայի ԱԳՆ-ն սեպտեմբերի 2-ին կանչել է Ռուսաստանի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարին և բողոքագիր հանձնել նրան։ Ռիգան դատապարտել է Լայպցիգի հարձակումը և Ռուսաստանին կոչ արել դադարեցնել ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների տարածքում «թշնամական գործողությունները»։
Էստոնիայում նույնպես կանչել են Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին։ Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախկնան հայտարարել է, որ Մոսկվայի նպատակը, իր գնահատմամբ, «անորոշություն սերմանելն է», արևմտյան դաշնակիցների միասնությունը խաթարելը և Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունից ուշադրությունը շեղելը։
«Մենք աներկբայորեն դատապարտում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ Ռուսաստանի սադրանքները և աջակցում ենք Գերմանիայի պատասխան քայլերին, այդ թվում՝ Եվրոպական միության լրացուցիչ պատժամիջոցներին», — ընդգծել է Ցախկնան։
Մեծ Բրիտանիան, հետևելով եվրոպացի դաշնակիցներին, Լոնդոնում կանչել է Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին։ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ Լոնդոնն «ամբողջական համերաշխություն է հայտնում Գերմանիային» Լայպցիգի օդանավակայանի վրա հարձակումից հետո, և Ուկրաինայի դաշնակիցների վճռականությունը խաթարելու Ռուսաստանի փորձերն անվանել է «անօգուտ»։
Նախօրեին ԵՄ մի քանի պետություններ կանչել էին ռուս դիվանագետներին այն բանից հետո, երբ Գերմանիան Մոսկվայի վրա է բարդել Լայպցիգում տեղի ունեցած հիբրիդային հարձակման պատասխանատվությունը։ Նույն օրը ռուսական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին կանչել էին նաև Եվրոպական միությունում, Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդերլանդներում։
Սեպտեմբերի 1-ին Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է օգոստոսի սկզբին Լայպցիգի օդանավակայանի վրա հիբրիդային հարձակում կազմակերպելու մեջ և հայտարարել պատասխան քայլերի մասին։ Բեռլինը որպես պատասխան միջոց նշել է Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինի «Ռուսական տան» փակումը։